Ինչո՞վ է կախված ՀԱԿ-ը Ստյոպայից. Արամ Մանուկյանն ասաց ու կրակն ընկավ
ՀԱԿ-ը դեռեւս չի քննարկել Գյումրիում եւ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման մասին հարցը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, քանի դեռ հստակ չէ քաղաքական ուժերի դիրքորոշումը, ՀԱԿ-ը չի կարող որեւէ բան ասել: Արամ Մանուկյանը նշեց, թե ամեն ինչ պարզ կլինի, երբ հստակեցվի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է խորհրդարան գալու: Լրագրողների դիտարկմանը, թե արդեն հայտարարվեց , որ Թեւան Պողոսյանն է փոխարինելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Մանուկյանը պատասխանեց.”Մի շտապեք, ես էլ եմ էդպես լսել: Զուտ տեսականորեն Րաֆֆին կարող է չհրաժարվել: Եթե Ստեփանը ցուցակով անցնում է պատգամավոր, էդ դեպքում լրիվ ուրիշ վիճակ է, մեր վերաբերմունքը կլինի ուրիշ”:
Արամ Մանուկյանը խճճվեց “ՀԱԿ-ի դիրքորոշումը արդյո՞ք “Ժառանգության” դիրքրոշմամբ է պայմանավորված” հարցի պատասխանը փնտրելիս եւ արդյունքում հրաժարվեց իր խոսքերից ու հայտարարեց, որ ինքը ուղղակի օրինակ էր բերում եւ չի հայտարարել, թե Կոնգրեսի դիրքորոշումը Ստյոպա Սաֆարյանի առաջադրվել-չառաջադրվելով կարող է պայմանավորված լինել: