Եվրադատարանից հայանպաստ որոշման ակնկալիք կա /վիդեո/
Եվրադատարանը երեկ սկսել է ՛՛Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի՛՛ գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի ՛՛Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի՛՛ գործի քննությանը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ հայանպաստ որոշումներ կկայացվեն:
՛՛Ձայնագրությունները մեր տրամադրության տակ կան և բավականին հուսադրող են՛՛,-հավելեց Թովմասյանը:
Նախարարի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Նշենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005 թվականին: Հայցվորները պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-ին բռնությամբ վտարվել են իրենց տներից, իրենց ամբողջ ունեցվածքը ընկել է հայերի ձեռքը, և քանի որ չեն կարող վերադառնալ Լաչին՝ փոխհատուցում են պահանջում Հայաստանի իշխանություններից: Վեց ադրբեջանցիները պնդում են նաև, թե ազգային խտրականության են ենթարկվել:
Հայկական կողմի փաստաբանները անհամաձայնություն են հայտնել այն կապակցությամբ, որ հայցում որպես պատասխանող կողմ ներկայացված է Հայաստան պետությունը: Նրանք ընդգծել են, որ թեև Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ, այն ունի պետական կառուցվածք, դատական համակարգ, և հետևաբար՝ հայցը պետք է ներկայացվեր Լեռնային Ղարաբաղին:
Ադրբեջանական կողմի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները փաստացի վերահսկվում են Հայաստանի կողմից, Հայաստանը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի ՛՛անջատողական վարչակարգի՛՛ հետ:
Փաստաբանները պատասխանել են դատավորների հարցերին, և դատավարությունում ընդմիջում է հայտարարվել:
Եվրադատարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, փետրվարի 5-ին դատարանի Մեծ պալատում սկսվելու են լսումները Ղարաբաղյան պատերազմին առնչվող մեկ այլ՝ Ադրբեջանի դեմ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից բռնի տեղահանված Մինաս Սարգսյանի 2006 թվականին ներկայացրած հայցով:
2009 թվականին 80 տարեկան հասակում վախճանված Սարգսյանի հայցը Եվրադատարանում կպաշտպանեն նրա իրավահաջորդները՝ այրին և երեք զավակները: