Ադրբեջանը 7 զոհ է տվել
Տարվա մեջ կան օրեր, երբ Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելանում են, իրավիճակը սրվում է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` այդ օրերից է հունվարի 20-ը, ինչպես ադրբեջանցիներն են ասում` “սեւ հունվարը”:
“Այդ օրերից են փետրվարի 26-ը, մայիսի 9, 18, սեպտեմբերի 2-ը եւ այլն: Պետք է իմանանք, որ այդ օրերին առավել զգոն լինենք: Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը ոստիկան է, եւ նրա մոտեցումներն էլ ոստիկանական են”,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ ադրբեջանցիները սովորաբար ավելի ակտիվանում են այն ընթացքում, երբ միջազգային ուշադրությունը տարածաշրջանի վրա է կենտրոնացած լինում:
Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքով` իրենց “Ոսկանապատ” վերլուծական կենտրոնի տվյալներով` Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանցիների գրոհայիններից 4-ն են մահացել, Հադրութի ուղղությամբ` 3-ը: Վիրավորների թիվը 20-30 է:
“Մեր կողմից միայն Արմեն Հովհաննիսյանը զոհվեց, ում համար բոլորս շատ ենք ցավում: Էլ վիրավոր կամ զոհ չունենք: Ու եթե իրենց կողմից հատուկ պատրաստված ջոկատայիններ էին` 30 հոգի, մեր կողմից 9 ժամկետային զինծառայող էին, 18-20 տարեկան երեխաներ: Սա ցույց է տալիս թե մեր, թե նրանց պատրաստվածությունը”,- նշեց քաղաքագետը:
Լեւոն Մելիք- Շահնազարյանը տեղեկացրեց, որ Մարտակերտի շրջանում առ այսօր ադրբեջանցու երկու դիակ շարունակում է մնալ չեզեք գոտում։ “Դա տեսանելի է մեր զինվորների կողմից, իրենք չեն համարձակվում, տանել իրենց դիակները, իսկ մեզ հարյուր տարի պետք չեն”,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի` մեր պատասխանը պետք է լինի սահմանում: Իսկ Իլհամ Ալիեւն իր քաղաքականությամբ մեզ տվել է այդ իրավունքը:
“Նա ասել է, թե մեր ամեն զինվոր մարդասպան է։ Նա գնեց Ռամիլ Սաֆարովին եւ դրանով ցույց տվեց, որ ցանկացած հայի սպանողը կհերոսացվի` մեզ էլ ցույց տալով, թե իր ցանկացած զինվորի հետ ինչպես կարելի է վարվել”,- ասաց նա: