Սիրելի Ռիտա Ալեքսադրովնայի համար. Հայկական Ժամանակ
Երեկ առաջին տիկին Ռիտա Uարգuյանի ծննդյան տարեդարձն էր:
Սերժ Աարգսյանի՝ վարչապետությանը հուշիկ քայլերով ընդառաջ գնալու ֆոնին այս տարի կարծես նրա տիկնոջ տարեդարձի առթիվ արված շնորհավորանքները ավելի մեծ թափ են ստացել, օգտատերերը բառեր շռայլելիս իրար հերթ չեն տալիս: Շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ միայն հայտնի էներգատու է, լուսաճառագ, այլեւ արեգակը բարեգործության:
Շատ օգտատերեր նրան շնորհավորելիս համեմատականներ են անցկացնում նրա եւ նախկին առաջին տիկինների միջեւ. «Հիմա կասեք, բա առաջին տիկին է, պետք է էդպես էլ լինի: Ոչ պարզապես հիշենք մեր նախկին առաջին տիկիններին ու չմեկնաբանենք»,- գրել է օգտատերերից մեկը Anush Badalyan@: Նա նշել է, թե Սարգսյանի նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն: «Անկախ տարատեսակ ասեկոսեներից, նա միեւնույնն է մնում է առաջին տիկին ու այսօր նրա ծննդյան օրն է: Կանացի, միշտ պոզիտիվ ու վառ, իսկ բարի գործերը անկախ ենթատեքստերից բարձր եմ գնահատում, քանի որ նրա նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն, շատ փոքրիկներ բուժվում են ու էդպես շարունակ: Ի վերջո, նա կին է, մայր, տատիկ ու պարզապես հմայիչ մի մարդ, ով իրենից միայն դրական էներգիա է ուղարկում…»:
Բանաստեղծ Կարինե Աշուղյանը Ռիտա Աարգսյանի շատ առաքինությունները թվելուց զերծ է մնացել, սակայն նշել է դրանցից մեկը՝ բարությունը: Բանաստեղծը Սարգսյանին բնութագրել է որպես լուսաճառագ: «Սիրելի, սիրելի, իմ լուսաճառագ, իմ հրաշք Ռիտա Ալեքսանդրովնա, Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն եւ երկար ու երջանիկ կյանք, թող այն անցնի Ձեր զավակների եւ թոռների սիրո ու հոգատարության մեջ, եւ լիուլի վայելեք նրանց երջանկությունը: Թող Աստված պահպանի այն ամենը, ինչը թանկ ու հարազատ է Ձեզ համար: Թող Ձեր ամեն օրվա մեջ անակնկալ ու սպասված զվարթ տոներ լինեն: Օրհնված լինեք: Շատ սիրում եմ Ձեզ»,- այսպես է շնորհավորել Կարինե Աշուղյանը:
ՀՀԿ֊ի սրտից գովասանքի խոսքեր է հղել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ մաղթում է ամենայն բարիք «հրաշայի տիկնոջը եւ լավ մարդուն»: Երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանի շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Աարգսյանը հայ արվեստագետների կողքին է եւ Մանարյանների «Ագուլիս» թատրոնը իր շնորհիվ է, որ ոտքի է կանգնում եւ շուտով կվերաբացվի: Ներկայացնում ենք Մանարյանի շնորհավորական «ուղերձը».
«Սիրելի տիկին Ռիտա Աարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն, անսպառ ժպիտ եւ երկար տարիների կյանք, էն նույն կյանքը, որը Դուք պարգևում եք շատ ու շատ պստիկների Ձեր սրտացավ վերաբերմունքով ու կոնկրետ գործերով, որոնք ոչ միշտ են բարձրաձայնվում: Լինելով ստեղծագործող անհատ՝ Դուք նաեւ հայ արվեստագետների կողքին եք մշտապես, բազում բարեգործական նախագծերով, ինչը չի կարող չոգեւորել: Մանարյանների «Ագուլիս» թատրոնը Ձեր ուշադիր եւ կամեցող վերաբերմունքի շնորհիվ է, որ կրկին ոտքի է կանգնում ու որոշ ժամանակ անց կվերաբացվի: Բարօրություն Ձեզ, նորանոր ստեղծագործական հաջողություններ եւ անսպառ լավատեսություն»:
Minasyan օգտատերն էլ նշել է, որ զինվորներին օգնելու համար դիմել են Ռիտա Աարգսյանին եւ նրա օգնությամբ կառուցել էն վերականգնողական կենտրոն: «…Անկեղծ ուրախ եմ, որ մեր տղաները ունեն մի վստահելի ընկեր, ում կարող են դիմել ամեն ամեն հարցով: Շնորհավորում ենք ծննդյան տոնի կապակցությամբ»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռկ-ի