Շատ ենք պլանավորում. վարչապետ
ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:
Առաջին հանձնարարականը վերաբերվում էր գների պլանավորմանը:
2018թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էի 2016թվականը ՝ 2015 թվականի համեմատությամբ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի՝ գնի փոփոխության վերլուծության հարցին: Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան թերություններ, մասնավորապես ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև որոշակի ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի և պլանավորվածի միջև անհամապատասխանություններ: Չնայած հիմնականում ձեռք բերվելիք ապրանքի գինը՝ պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է խնայողության, սակայն նշվածը հանդիսանում է ոչ հստակ և ոչ ամբողջական պլանավորման արդյունք:
Հաշվի առնելով դա վարչապետը հանձնարարեց:
«Առաջինը. ֆինանսների նախարարին երկամսյա ժամկետում քննարկելու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարության հետ՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում ներկայացնել հիմնական սպառման 20-30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր:
Երկրորդ. Մեկ ամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների մեկ միասնական չափման միավոր:
Երրորդ. Երկամսյա ժամկետում Առողջապահության նախարարի հետ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր և հանրապետական գործադիր մարմիններին գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը ըստ վերջնական սպառման կոնկրետ ապարանքների և ոչ թե ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով»,-հանձնարարեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և ավելցուկ: