Ապրիլից՝ արագ հանգուցալուծում. Ժողովուրդ
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը կակտիվանա ընտրություններից հետո: «Կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձեւավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»,- պնդել է Մամեդյարովը:
Այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժ կարելի է ակնկալել միայն ապրիլից հետո, երբ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ավարտված կլինեն ներքաղաքական վերադասավորումները: Սա միանգամայն սպասելի էր. վերջին իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ ապրիլից հետո ԼՂ խնդրով բանակցությունները նոր թափ են ստանալու, արագ հանգուցալուծման ակնկալիքով: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց: Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին՝ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին: ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին:
Երկու երկրներում էլ այդ ընտրությունների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում Սերժ Սարգսյանը: Այնպես որ, երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար:
Ընդհակառակը, իշխանության վերջնական վերաձեւավորումից հետո նրանք առավել քան լայն թափով պետք է լծվեն բանակցային գործընթացին: Այլապես հազիվ թե Ալիեւն Ադրբեջանում արագացներ նախագահի ընտրությունները: Տրամաբանությունը հուշում է, որ այս քայլին նա գնացել է միջազգային հանրության, մասնավորապես Ոուսաստանի հորդորով որպեսզի ստիպված չլինեն սպասել մինչեւ հոկտեմբեր:
Մանավանդ, հիշեցնենք, մարտի 18-ին էլ նախագահական ընտրություններ են լինելու նաեւ Ոուսաստանում եւ կրկին շատ կանխատեսելի ելքով: Եւ Վլադիմիր Պուտինն իշխանության վերահաստատվելուց հետո ձեռնամուխ է լինելու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին բավական լայն թափով: Ի վերջո, ՈԴ-ն իր ազդեցության սահմաններն ընդլայնել է մինչեւ Պարսից ծոց, եւ չէր ցանկանա այդ ընթացքում Կովկասում ունենալ թեժ կետ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: