Նիկոլ Փաշինյանն իրենից բան չի ներկայացնում. նախկին քաղբանտարկյալի հիասթափությունը. Ժողովուրդ
Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին նախատեսում էր Ազատության հրապարակում հավաք անցկացնել: Ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր. «Դուխով ու առնական տղամա՞րդ եք, մարտի 1-ին եկեք Ազատության հրապարակ, կանչում եմ»: Իհարկե, մարտի 1-ին Ազատության հրապարակում մարդիկ կային, սակայն հիմնականում նրանք այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն էին, ովքեր հավաքվել էին՝ հարգելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, այլ ոչ թե նրա կոչին հետևած անձինք: Օրաթերթը Մուշեղ Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ ինչու նրա կոչին հետևողներ չեղան:
֊ Պարոն Սաղաթելյան, Դուք առնական տղամարդկանց առաջարկել էիք մարտի 1-ին հավաքվել: Ձեր կոչին հետևողներ եղե՞լ են:
֊ Հա՛, եղել են: Իմ հայտարարության մեջ նաև զուգահեռաբար նշել եմ, որ չնայած գիտեմ, որ չեն գալու, բայց դա ընդհանրապես ինձ չի մտահոգում: Ես ընդամենը ուզում էի, որ թեկուզ լրագրողներ լինեին և հարց տային հավաքվածներին:
– Այդ օրն Ազատության հրապարակում հիմնականում ընդդիմադիր ուժերն էին, բայց նրանք Ձեր կոչով չէին եկել:
– Այո՛, ես տեսա նրանց: Օրինակ՝ իմ գյուղից Երիտասարդներ կային, որ եկել էին և նաև Երևանից էին եկել, ովքեր ինձ ճանաչում են և մոտավորապես գիտեին, թե ես ինչ եմ ցանկանում: Ինձ ընդհանրապես չհուզեց, որ ինչ-որ քաղաքական ուժեր չկան: Ես ոչ կուսակցության ղեկավար եմ, ոչ էլ պետական չինովնիկ եմ, ես հայ զինվոր եմ, ով ցանկանում է՝ իմ ապրած, մնացած օրերը լինեն ի օգուտ ժողովրդի:
– Բայց Ձեզ չտխրեցրե՞ց, որ կոչին չհետևեցին: Փաստորեն, առնական տղամարդիկ չկա՞ն:
֊ Չէ, դա ավելի ուրիշ զգացում է: Ես չեմ կարողանում հասկանամ՝ ինչքան հզոր, խելացի ազգ էինք, ես չեմ ուրանում: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում հայրենի հողում, և ինչ անել, որ օգուտ լինի: Պարզվում է՝ առնական տղամարդիկ չկան: Ռոբերտ Քոչարյանը մի ժամանակ ասում էր՝ Հայաստանում տղամարդ չկա, հիմա պարզվում է՝ առնական տղամարդ չկա: Ես իմ ասածը ցանկանում եմ դարձնել շարժում:
– Նիկոլ Փաշինյանն է պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Կմիանա՞ք:
֊ Նիկոլ Փաշինյանն իրենից բան չի ներկայացնում, որ միանամ, բայց ես՝ որպես հայ քաղաքացի, պարտադիր կերպով այնտեղ կլինեմ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: