«ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանից մեծ սպասելիքներ ունի» /տեսանյութ/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է ՝ մեր համաքաղաքացիների, համերկրացիների մի մասը նույնիսկ չգիտի, որ այս օրերին մեր խորհրդարանում նախագահի թեկնածուի հետ կապված ելույթներ են հնչում, նախագահի թեկնածուն է ելույթ ունենում, իսկ վաղն ԱԺ-ն արդեն երկրի նախագահ է ընտրելու, հետևաբար այս իրադարձությունները պետք է ավելի ծայնածավալ լուսաբանվեն, որպեսզի քաղաքացիները ավելի տեղեկացված լինեն այս քաղաքական կարևոր իրադարձության մասին։
«Իրականում սա պատմական նշանակություն ունի, քանի որ մենք քայլեր ենք կատարում դեպի նոր կյանք, նոր իրականություն, որը երևի թե, հասու չէ մեր քաղաքացիներից շատերին, ուստի շատ կցանկանայի, որ նաև Արմեն Սարգսյանի ելույթը լուսաբանվեր, որովհետև այդ ելույթում կային շեշտադրումներ նաև նրա ծրագրերի և տեսլականների մասին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Աճեմյանը՝ հիշեցնելով՝ Սահմանադրությամբ հստակ ձևակերպված են նախագահի իրավասությունները, իրավունքները և պարտականությունները։
Խոսելով Արմեն Սարգսյանի մասին՝ պատգամավորն ասաց՝ նա իր տեսակով շատ մեղմ ու տոլերանտ մարդ է։
«Նա այնպիսի ճանապարհ է անցել և այն տարիքում է, որ կարող է քաղաքական դաշտում և, առհասարակ, հասարակության մեջ միասնականություն ձևավորել, որովհետև մեզ համար կարևոր է համերաշխության տարրը մեր համաքաղաքացիների, համերկրացիների, ինչպես նաև սփյուռքի միջև։ Այդ առումով, կարծում եմ, նա մեծ փորձ ունի։ Կարծում եմ՝ նա իր մարդկային և մասնագիտական փորձը կներդնի, որպեսզի կարողանա օգտակար լինել մեր հասարակությանը։ Այս առումով, նորից կուզենայի կրկնել՝ կարևոր է, որ մեր հասարակությունն իմանա՝ այսօր մենք պատմական իրադարձության շեմին ենք, և արդեն վաղը պիտի նախագահ ընտրենք։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա։ Հատկապես ՀՀԿ-ն մեծ սպասելիքներ ունի, քանի որ նախագահի թեկնածուին մենք ենք ներկայացրել․ հուսով եմ՝ այն ինչ այստեղ ասվեց և այն սպասելիքները որ կան, կարդարացվեն», – եզրափակեց պարգամավոր Կարինե Աճեմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։