10-12 տեղից վիրավորված Արմենին կհուղարկավորեն զինվորական կարգով/վիդեո, ֆոտո/
Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի 8-րդ տունը մարդաշատ է: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունն է: Նրա հիշատակին մոմավառություն է կազմակերպվել : Այստեղ են բարձրաստիճան զինվորականներ, Արմենի մարտական ընկերները, ուսուցիչները և ծանոթ-անծանոթ շատ մարդիկ:
Արմենի ուսուցչուհին պատմեց, որ նա աչքի չէր ընկնում ուսման առաջադիմությամբ: ”Բայց ահա աչքի ընկավ իր հերոսությամբ, որը ամեն ինչ է: Ինքն ապացուցեց, որ ճիշտ դաստիարակություն է ստացել”: Հրամանատարի խոսքով էլ` մարտական շատ գործողություններում է աչքի ընկել Արմենը և հիմա էլ ապացուցեց, որ օրինակելի զինվոր է:
Հիշեցնենք, Արմեն Հովհաննիսյանը զոհվել էր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է “Արիության համար” մեդալով։
Արմեն Հովհաննիսյանը, հարազատների պատմելով, վիրավորվել է 10-12 տեղից: Նրանց մարտական ընկերները պատմել են, որ մոտ կես ժամ Արմենը միայնակ դիմադրել է թշնամուն եւ մի քանի հոգու կյանք փրկել:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը կանխվել են պահակակետերի անձնակազմի հերոսական ջանքերի շնորհիվ: “9 մարդ կարողացել է հակազդել մոտ երեք տասնյակ դիվերսանտների ու նրանց ելման կետերը վերադարձնել”,-ասել է նախարարը:
Արմենին վաղը կհուղարկավորեն զինվորական կարգով։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` հուղարկավորությանը ներկա է լինելու ՊՆ Սեյրան Օհանյանը:
“Հայաստանն է սգում քո մահը”,-ներսում ողբում էին հարաատները:
Հրամանատարի խոսքը՝ դեպքի մասին տեսանյութում: