Ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան. Զոհրաբյանը՝ ԱՎԾ պետին
Ազգային ժողովում քննարկման է դրվել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մշտապես ԱՎԾ-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Հանրությունը չի հավատում ձեր ներկայացրած տվյալներին, պարո՛ն Մնացականյան, որովհետև այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Այս օրենքով ասում եք՝ այլ մեթոդաբանություն է լինելու, միջազգային ստանադներին համապատասխանեցվելու է: Միակ ստանադարտը, որին պետք է համապատասխանեցնեք, ընդամենը իրականությունը ներկայացնելն է:
Գնաճն, ըստ ձեզ, 2,6% է: Սա ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան»,-ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին:
Ապա պատգամավորը հիշեցրեց, թե ԱԺ այս ամբիոնից ինչպես ժամանակին նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց Ստեփան Մնացականյանին գնդակահարել: «Իհարկե, ես նման առաջարկով հանդես չեմ գա, բայց շատ եմ ցանկանում, որ այն պաշտնյան, որ իսկապես պրոֆեսիոնալ է, իսկ դուք պրոֆեսիոնալ եք, ճիշտ ընտրություն անի: Միշտ ընտրություն կա կամ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, կամ լինել կամակատար»: