Բաբայանը չէր պայթեցնելու նախագահի ինքնաթիռը.փաստաբանը մանրամասնեց/տեսանյութ/
«Ես ընդամենը արդարություն էի ակնկալում: Ակնկալում էի, որ վերաքննիչ բողոքը բավարարվեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Արդեն հայտնել ենք, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռը:
Քալաշյանը անդրադարձավ հանգամանքին, որ երեկ բողոքի քննության ժամանակ ամբաստանյալներից երկուսը՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյան հայտարարություններ արեցին, որ նախկինում չէին արել: Երկուսն էլ նոր հանգամանքներ էին նշել, որը կարող էր հիմք հանդիսանալ դատաքննությունը վերսկսելու համար:
Սանասար Գաբրիելյանը հայտարարեց.«Ինձ զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացեմ, կձերբակալեն»:
Արմեն Պողոսյանն էլ հայտնեց, որ «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը դա արել է՝ շահադիտական նկատառումներից ելնելով:
Պատասխանելով հարցին, թե Սամվել Բաբայանը «Իգլան» ձեռք էր բերել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու համար, Ավետիս Քալաշյանը ասաց.«Անհեթեթություն է»:
Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում: