Այդ իմաստով բավականին մեծ փորձառություն ունի Սերժ Սարգսյանը. Գ. Սահակյան (տեսանյութ)
«Իհարկե, մենք շատ գոհ ենք Կարեն Կարապետյանի աշխատանքից, սակայն վարչապետ լինել նշանակում է երկրի ընդհանուր քաղաքական պրոցեսներն անընդհատաբար ներկայացնել մեր ժողովրդին, և արտասահմանում ներկայացնելու պրոբլեմ ևս կա: Այդ իմաստով բավականին մեծ փորձառություն ունի Սերժ Սարգսյանը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Նա ընդգծեց, որ իհարկե, կարելի է տնտեսությունը լավ ղեկավարել, տնտեսությունն առաջ տանել, բայց կարևորագույն գործոններից մեկն երկիրն աշխարհում ներկայացնելու խնդիրն է:
«Այս պարագայում ես իմ կարծիքն արդեն ասել եմ, և ինչ-որ ժամանակ հետո նաև կուսակցությունը որոշում կկայացնի»,-հավելեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատախակն խորհրդի կազմի ելույթների ժամանակ «Ելք» խմբակցության հիշեցմանը, թե նախագահ Սարգսյանը դեռ տարիներ առաջ՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, պաշտոնապես հայտարարել է, որ վարչապետ չի դառնալու, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Ընդամենը մարդկանց հարցնում են՝ եթե Սերժ Սարգսյանը չի լինելու, ո՞վ պիտի լինի, նաև մեր կուսակցության անդամների անուններն են տալիս: Բացի Սերժ Սարգսյանից ո՞վ պիտի լինի այսօր վարչապետ: Բացի մեր կուսակցությունից այլ քաղաքական թիմ թեկնածություն չունի»:
Հարցին, թե ընդդիմությունն ունի որևէ լծակ, թեկուզ փողոցում՝ խոչընդոտելու նախագահի՝ վարչապետ դառնալուն, նա պատասխանեց. «Կարող են միտինգներ հրավիրել, իրենց խոսքն ասել ժողովրդին, բայց վարչապետն ընտրվում է ԱԺ-ի կողմից, և չեմ կարծում, որ նման սիտուցիան կլինի ընդդիմության կողմից, կամ անհրաժեշտ ձեռքբերում կլինի ընդդիմության կողմից: Ընդդիմությունը, եթե ցանկանում է վարչապետն այնպիսին լինի, ինչպես ինքն է ցանկանում, դրա համար պիտի կարողանա աշխատել ժողովրդի հետ, ամբողջ մարզերում պիտի լինի: ՏԻՄ ընտրությունն է շուտով, որևէ տեղ ընդդիմությունը մարդ չի առաջարկել: Եթե ժողովրդի կողմից ձայներ չունես, ինչքան ուզում ես այդ մտքերը, որ ուզում են, որ ժողովուրդն իմանա, այդ մտքերով առաջ չեն գնա: Պետք է կարողանան ժողովրդի ձայները վերցնել ու դրանով առաջ գնալ»: