Արմեն Սարգսյանն, ի՞նչ է, ընդդիմադիր է. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ)
«Մարդկանց կողմից փորձ է արվում ընդդիմադիր լինելու ինստիտուտը տարակերպ մեկնաբանությունների ենթարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան քննադատությունների, թե իրենք ինչպես են ընդդիմադիր դաշինք, եթե կողմ են քվեարկելու իշխանության կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ի՞նչ է նշանակում, եթե Արմեն Սարգսյանին որոշել եք կողմ քվեարկել, ուրեմն դուք ընդդիմադիր չեք: Արմեն Սարգսյանն, ի՞նչ է, ընդդիմադիր է, նա անկուսակցական մարդ է»,-ի պատասխան հարցրեց նա:
Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանն անկուսակցական է, սակայն իշխանության թեկնածուն, ում կարող էին դեմ քվեարկել, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Տարբերակ մեկ՝ կամ պետք է դեմ քվեարկենք թեկնածուին, կամ կողմ քվեարկենք՝ հիմնավորելով ինչու: Այլ թեկնածու չկա»:
Նա հավելեց, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ են անցկացրել, քննարկել Արմեն Սարգսյանի թեկնածությունը, Ծառուկյանը լսել է բոլորի տեսակետներն, ապա որոշում են կայացրել: «Վերջում ինքն իր կարծիքն արտահայտեց, և միաձայն որոշում կայացվեց՝ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անցյալը, նրա դիվանագիտական աշխատանքի մեծ փորձը, ներդրումային միջավայրի նրա տիրապետման ունակությունը»:
Ըստ Գ. Պետրոսյանի՝ պետք է վեր կանգնել անհանդուրժողության մթնոլորտից: «Նա անկուսակցական մարդ է, կաշկանդված չէ կուսակցական որոշումներով ու հրամաններով, մեր ծրագիրը լսել է, մենք ներկայացրել ենք մեր դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական կետերը, ինքը հավանությունը տվել է: Եկեք, հնարավորություն տանք, որ մարդը ստանձնի այս ծանր բեռը: Ավելին, իմ կարծիքով՝ ամեն մեկը չէր ցանկանա այս բեռը ստանձնել: Ես անգամ զարմացած եմ, թե այս վիճակում ինչպես կարելի է այդ ծանր բեռն ստանձնել: Մենք կտանք մեր ձայնը, բայց նաև ուշադրության կենտրոնից բաց չենք թողնի Արմեն Սարգսյանի աշխատանքը: Եթե նա առաջին օրից ցույց տվեց, որ սխալվել ենք, մենք էլ մեր անելիքներն ունենք: Բայց կիրթ մարդ է, պետք է հնարավորություն տալ»: