Որևէ գործողություն անպատիժ չի մնա. ՊՆ
”Որևէ գործողություն անպատիժ չի մնա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերին:
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը չի կարողացել ներթափանցել խորքը, հակահարված է ստացել ու նահանջել են:
”Հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ:
Այլ հարց է, թե նրանք այսքան զինվոր են կորցրել, այդ մասին չենք կարող ներկայացնել, եթե իրենք չեն խոստովանում”,-հավելեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, երեկ ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելուժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: