23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ձգտումով….Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  պաշտոնական կայքին:

Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայից Երեւան ժամանեց սեպտեմբերի 12-ին, լուսադեմին: Բուլղարիա-Հայաստան հանդիպումից անմիջապես հետո Ազգային հավաքականի ինքնաթիռն ուղեւորվել էր Հայաստան: Թռիչքը տեւել էր շուրջ երեք ժամ: Մենք Վարդան Մինասյանին չանհանգստացրեցինք ամբողջ օրվա ընթացքում: Հասկանալի էր, պետք էր հանգստանալ, իսկ սեպտեմբերի 13-ի կեսօրին մեր հավաքականի գլխավոր մարզչին խնդրեցինք մեզ հյուրընկալվել:

Պարոն Մինասյան, հասցրե՞լ եք հանգստանալ:

-Անկեղծ ասած Երեւան ժամանելուս օրը տնից դուրս չեմ եկել, բջջային հեռախոսս էլ չեմ միացրել: Ինքնազգացողությունս մի քիչ լավ չէր, ավելի ճիշտ տրամադրությունս էր վատ: Այսօր համեմատաբար լավ եմ:

Հասկանալի է, իհարկե, բայց արդյոք Դուք էլ էք կարծում, որ բոլոր խաղերում անխտիր պետք է հաղթենք:

-Ոչ, իհարկե, բայց մենք ձգտում ենք դրան: Խնդիրը հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ցանկությամբ, բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ հավաքականները միշտ չեն հաղթում: Դա երկրպագուի ցանկությունն է: Ինձ համար այս խաղում ամենաբացասականը մեր ֆուտբոլիստների պահվածքն էր: Ես առաջին անգամ էի նրանց այդպես տեսնում եւ զարմացած էի: Իհարկե, իմ բացատրություններն ու իմ եզրակացություններն ունեմ, բայց միայն ֆուտբոլիստների հետ հանգամանալից զրուցելուց հետո կփորձեմ խնդրին մոտենալ:

-Լավ, իսկ սովորաբար ինչպե՞ս եք հանգստանում:

-Սովորաբար ընտանիքիս հետ, երեխաներիս հետ: Իրենց հետ կտրվում եմ աշխատանքից, իրականությունից, զգում եմ, որ կյանքում բացի ֆուտբոլից ուրիշ բաներ էլ կան ու, գուցե, շատ ավելի կարեւոր (ժպտում է):

Անդրադառնա՞նք հանդիպմանը:

– Բուլղարացիները շատ լավ ուսումնասիրել էին մեր հավաքականի խաղը: Նրանք գիտեին մեր թե ուժեղ, թե թույլ կողմերը: Գիտեին, որ մեր թիմն արագ ֆուտբոլ է խաղում, նամանավանդ հակագրոհների ժամանակ, եւ ուզում էին ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել թե ֆուտբոլային եւ, թե ոչ ֆուտբոլային միջոցներով: Դա նրանց ընտրած խաղաոճն էր, իրենց մարզչի կողմից ընտրված խաղի ձեւն էր: Եղան նաեւ որոշակի սադրանքներ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեզ վրա չպետք է ազդեր այդ ամենը: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց կարծում եմ, որ սադրանքներին հատկապես չպետք է ենթարկվեինք: Բոլորը պետք է հասկանան, որ ֆուտբոլը խաղ է, ոչ թե կռիվ: Այսպիսի արտահայտություն կա` պետք է կռիվ տաս… Ես այդ բառերը չեմ ընդունում: Պետք է ֆուտբոլ խաղալ, սա կռվի դաշտ չէ: Մենք պետք է գիտակցենք, որ մեզ արդեն ուրիշ կերպ են ընդունում, ամեն ինչ անում են մեզ հաղթելու համար, բայց եթե ուզում ենք ինչ- որ արդյունքի հասնել, պետք է անտեսենք այդ ամենը եւ կենտրոնանանք խաղի վրա: Այս առումով մեր թիմը դեռ պետք է փորձ կուտակի:
Պարզ դարձավ, որ մենք պատրաստ չէինք սադրանքներին: Իսկ եթե բուն խաղից խոսենք, ապա մեր մարտավարությունը հիմնված էր արագ հակագրոհների վրա: Հանդիպման առաջին 20-25 րոպեներին մեր դարպասի վրա ճնշումը շատ մեծ էր, եւ չէր ստացվում հակագրոհել: Այնուհետեւ խաղն անցավ մեզ ձեռնտու հունի մեջ, որովհետեւ, եթե չեմ սխալվում, դաշտի տերերը մեր դարպասին, բացի գոլից, մեկ հարված են կատարել: Նրանց գրոհները հասնում էին մինչեւ մեր տուգանային հրապարակ: Բայց խաղի վրա ազդեցին որոշ դրվագներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել: Նախ վնասվածք ստացավ Լեւոն Հայրապետյանը,ով մինչ այդ լավ էր կատարում իր արտականությունները: Հետո հակագրոհի արդյունքում գոլ բաց թողեցինք, եւ արդեն պետք է փոխեինք խաղի պլանը: Երկրորդ խաղակեսում խաղն – ամբողջովին կարգավորվել էր` մանավանդ Մարկոսի դաշտ դուրս գալուց հետո, ունեցանք գոլային պահեր: Բայց եղան երկու կարմիր քարտերը, որոնք փոխեցին խաղի ողջ ընթացքը: Հատկապես շատ է խոսվում մեր պաշտպանության մասին` մանավանդ կենտրոնական գոտում, բայց ես կարող եմ ասել, որ այս խաղում երկու կենտրոնական պաշտպաններն էլ լավագույնս էին խաղում: Թե Ռոբերտ Արզումանյանի, թե Հրայր Մկոյանի խաղից գոհ եմ: Ու ես միշտ ասել եմ` չկա կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, կա թիմային պաշտպանություն: Փաստն այն է, որ այս երկու խաղերում էլ մեզ մոտ ավելի շատ ստացվեց թիմային պաշտպանությունը, քան հարձակումը: Արդյունավետ հարձակում, որը մենք սովոր ենք տեսնել, չտեսանք:
Սխալներ, անշուշտ, կային մեր խաղում, բայց ուզում եմ կրկնել, որ ինձ համար կարեւոր է ֆուտբոլիստների պահվածքը, կարգապահությունը: Ինչ էլ անի մեր մրցակիցը, մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք եւ ուշադրություն դարձնենք միայն մեր խաղի վրա: Ես միշտ նրանց ասում եմ՝ մրցավար, մրցակից մեզ համար չպետք է գոյություն ունենան, մեզ համար պետք է լինի միայն մեր խաղը: Որովհետեւ, եթե ուշադրությունդ խաղից շեղվում է, ապա խաղի վրա կենտրոնացումը կորցնում ես:

Ամբողջական վերլուծություն մարզչական շտաբով, ենթադրելի է, որ դեռ չեք արել:

-Ամբողջական, դետալային վերլուծություն` դեռ ոչ: Նախնական վերլուծություն, իհարկե, եղել է: Իհարկե պարտությունը բացասական է, բայց մեզ համար ամենավատը Լեւոն Հայրապետյանի վնասվածքն էր, ով կարող է մի քանի ամիս դուրս մնալ խաղից: Երկրորդը` Գեւորգի եւ Մարկոսի որակազրկումն է 2 եւ ավելի խաղերով, եւ երրորդը` խաղացողների կարգապահությունը:

Երկրպագուների մի հարց Ձեզ փոխանցենք. Ինչ՞ու մեր տղաներն ավելի արդյունավետ խաղում են իրենց թիմերում, քան հավաքականում:

-Հասկանում եմ, ուզում եք նվիրվածության մասին խոսել: Ինչ վերաբերում է նվիրվածությանը, պետք է ասեմ, որ դա, ընդհանրապես, շատ կարեւոր գործոն է:

Ցանկացած ֆուտբոլիստ պետք է անմնացորդ նվիրվի իր գործին: Ես առաջինը նվիրվածություն եմ պահանջում մեր ֆուտբոլիստներից ու հայրենասիրություն: Ու նրանք մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ ունեն այդ որակները: Բայց միայն նվիրվածությունը բավարար չէ: Ֆուտբոլում շատ մանրուքներ կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ: Հաղթանակը շատ գործոնների համադրություն է: Ես հիմա հստակ տեսնում եմ, որ որոշ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակ է: Օրինակ մենք տեսանք, որ Յուրա Մովսիսյանի ֆունկցիոնալ վիճակը լավ չի: Իսկ ֆուտբոլն այն մեխանիզմն է, որ եթե մեկ հոգի դուրս է մնում խաղից, նամանավանդ միջազգային հանդիպումներում, խաղի ընթացքը փոխվում է:

Դժվար էր, այնուամենայնիվ, մեկնարկային հանդիպումն անցկացնել դրսում եւ երկու արտագնա հանդիպում մի քանի օրում:

Դժվար էր, իհարկե, սակայն ես միշտ ասել եմ, որ որեւէ նշանակություն չունի` սեփական դաշտում ես խաղում, թե հյուրընկալվելիս: Եթե խոսենք Մալթայի խաղից, ապա զգացվում էր թիմի մեկնարկային լարվածությունը: Հանդիպումից առաջ մենք խնդրել էինք, որ խաղադաշտը ջրեին, բայց չէին արել, եւ խաղադաշտի որակը բավարար չէր: Նշեմ նաեւ անտանելի տոթ եղանակն ու խոնավությունը, որը նույնիսկ մեզ, ովքեր չէին խաղում, անհանգստություն էր պատճառում: Այդ պատճառով էլ խաղի տեմպը ցածր էր, իսկ երկրպագուն արդեն ընտելացել է, որ Հայաստանի հավաքականը պետք է արագ ֆուտբոլ խաղա: Իհարկե, կարեւորն այն է, որ հաշիվը դրական եղավ մեզ համար, քանի որ այդ պահին պետք էր բնավորություն ցույց տալ, ինչն էլ մեր տղաները ցուցադրեցին: Նախկինում մենք առաջին հերթին ֆուտբոլիստներից պահանջում էինք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ նրանցից միայն արդյունք ենք պահանջում, որը մեծ հոգեբանական ճնշում է նրանց վրա: Եվ Բուլղարիայի հետ խաղում դա իրեն զգացնել տվեց: Պարտվում էին, ուզում էին ամեն կերպ վերականգնել հաշիվը: Դա էլ է խոսում հաղթանակի ձգտման մասին: Մեր տղաներն անտարբեր չէին, դա շատ լավ որակ է, նրանք ուզում էին փոխել խաղի ընթացքը, ուղղակի պետք էր փոխել խաղով, այլ ոչ թե կռվով:

Եթե ամփոփենք:

-Մալթային հաղթեցինք, իսկ բուլղարացիները ոչ թե հաղթեցին մեզ, այլ մենք պարտվեցինք:

Ռայմոնդ Վերհեյենի մասին ինչ –որ բան կասեք: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ցավում եմ, որ Հայաստանի եւ Ուելսի հավաքականները պարտվել են: Երկու խաղերն էլ դիտել եմ տանը, քանի որ կիրակի օրն անձնական պատճառներով հեռացել եմ Հայաստանի մարզաբազայից»:

-Ռայմոնդը շատ պրոֆեսիոնալ, լավ մասնագետ է, ու այն ժամանակը, որ նա անցկացրել է Հայաստանի հավաքականում, արդյունավետ է եղել թե թիմի, թե մարզիչների համար: Դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում իրեն: Ինչ վերաբերում է այդ որոշմանը, դա նրա անձնական որոշումն է, եւ մենք պետք է այդ որոշումը հարգենք:

Ինչ-որ բան կասե՞ք մեր հավաքականի երկրպագուներին:

-Մեզ համար երկրպագուն շատ թանկ է: Եվ երկրպագուն նա է, ով միշտ եւ ցանկացած իրավիճակում է Ազգային հավաքականի կողքին: Պետք չէ լինել ծայրահեղական: Կրկնում եմ. մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Ցանկությունը շատ մեծ է, բայց միշտ չի այդպես լինում, ու ես ի տարբերություն երկրպագուների էմոցիաներով չեմ շարժվում: Մենք ունենք Ազգային հավաքական, պետք է սիրենք մեր հավաքականը: Ծայրահեղ ենք. լավ է՝ ուրախանում ենք, վատ է՝ փնովում ենք: Պետք է հավատալ հավաքականին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ