«Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի». Արթուրի մայրը չի լռում/տեսանյութ/
Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողները շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար:
«Ես տղա եմ տվել պետությանը, ես Արթուր Ղազարյանի մայրն եմ ու մինչև կյանքիս վերջը պայքարելու եմ նրա սպանությունը բացահայտելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:
Որդեկորույս մայրը ցավով նկատում է, որ վարչապետներ են փոխվում, նախարարներ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Օրեր Առաջ Իրինա Ղազարյանը կրկին անգամ նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին:
«Գրել էի՝ Պարոն նախագահ, միգուցե Դուք չգիտեք ճշմարտությունը, Ձեզ ամեն բան չեն ասել, խնդրում եմ ինձ լսեք:Ախր տղուս սպանողը ազատ ապրում է, սպանության վկան այդ մասին ասել է, իսկ ինքը չկա..»,-նշեց Իրինա Ղազարյանը:
«Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի:Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր»,- Henaran.am-ի հետ նախորդ հարցազրույցներից մեկում ասել էր Իրինա Ղազարյանը:
Ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը ըստ պաշտոնական վարկածի մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Մայրը՝ Իրինա Ղազարյանը սակայն վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը: Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար:
Մանրամասները`տեսանյութում: