Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Այսպես, Արարատի մարզի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր համագյուղացուց գույք գողանալու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ոստիկաններից մեկն իրեն համոզել է խոստովանել, որ ինքն է կատարել իրականում չկատարած գողությունը` փոխարենը խոստանալով, որ նման ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Մեկ այլ քաղաքացի` Է. Խ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ոստիկանների կողմից իրեն տրված 220.000 ՀՀ դրամ գումարի և իրեն կալանավայր չտեղափոխելու խոստման դիմաց խոստովանել է Արարատի մարզում իր կողմից չկատարված 5 դրվագ գողությունների դեպքերը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: