27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ասում ենք՝ արձանագրեք, եթե բան է փոխվել. «Մարտի 1-ի» վերաբերյալ նախագիծը մերժվեց

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը «Մարտի 1-ի,2-ի» իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու քննարկման ժամանակ նախագծի հեղինակներ «Ելք» խմբակցությունից հետաքրքրվեց, թե որն է այս հայտարարության նպատակը:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ իրենք հույս ունեն, որ այս հայտարարության ընդունվելու դեպքում քրեական գործերում առաջընթաց կլինի: «Մենք ասում են՝ սկսեք, 10 տարի անցել է: Բավարար չափով արդյունավետ որևէ միջոցով քննությունն առաջ չի մղվել, քաղաքական հետևանքներ ևս չեն արվել, կամ եթե արվել են, շատ քիչ են արվել: Սա առաջին հերթին քաղաքական կամքի արտահայտումն է, մենք ասում ենք՝ արձանագրեք, եթե բան է փոխվել: Ասում եք՝ բան է փոխվել»,-ասաց նա:

Քննարկումներից հետո  «Ելք»-ի ներկայացրած հարցը չընդունվեց:

«Ելք» խմբակցությունը ԱԺ-ին առաջարկում էր ընդունել հետևյալ հայտարարությունը:

«ՀՀ ԱԺ-ն, մտահոգված լինելով, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքները ոտնահարելու առումով ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում, 

Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»,- հայտարարության նախագիծը ներկայացնելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ