06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

10 լավագույնները՝ մեկ գրքում. տեղի ունեցավ Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը

Թումանյանական ուսուցողական և բացառիկ 10 հեքիաթ՝ մեկ ժողովածուում. Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փոքրիկներին ներկայացրեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն:

«Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան». գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով:

« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է Հովհաննես Թումանյանի բազում ստեղծագործություններ: Այս տարի նշվում է Թումանյանի ծննդյան 149-ամյակը, մենք էլ բազում ծրագրերով հաջորդ տարի պատրաստվում ենք մեծանուն գրողի 150-ամյակին: Այս ժողովածուն ներառում է այն հեքիաթները, որոնք հրատարակվել են 100 տարի առաջ: Մենք որոշեցինք թարմացնել առկա նկարազարդումները և գիրքը հանձնել ընթերցողների դատին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր- նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Մանկագիր, գրող, թումանյանասեր Լիպարիտ Սարգսյանը շնորհանդեսի ընթացքում ընդգծեց՝ Թումանյանը մեծ դաստիարակ է, իր ստեղծագործություններով կրթել է բազում սերունդներ: Մեծ գրողն իր ցանկացած ստեղծագործության՝ այդ թվում փոքրիկ հեքիաթի մեջ շատ խորը իմաստ է ներդրել: Ըստ Լիպարիտ Սարգսյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծը նաև գրքասեր էր, հարուստ գրադարան ուներ, որը համալրում էր տարաբնույթ գրքերով:

Նշենք, որ «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսի ընթացքում փոքրիկ ընթերցասերները դիտեցին թումանյանական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր:

Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ