16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու անընդունելի քայլը. ԱԳ նախարարի հանդիպումները Կիպրոսում /ֆոտո/

Meeting of Arm and Cy FMs 15.09.2012Minister Nalbandian meets with Speaker of Cyprus Parliament 15.09.2012Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս:

Նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:

Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը:

Յիանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ձեւաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու եւ հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը` ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձեւը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի եւ Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

Նույն օրը կայացան Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կիպրոսի արտգործնախարարն ասաց.

“Շատ հաճելի է ողջունել Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարին եւ ցուցաբերել նույնպիսի հյուրընկալություն, որին ես արժանացա անցյալ ապրիլին Երեւան իմ այցելության ժամանակ, ինչպես նաեւ շարունակել հանգամանալից երկխոսությունը Կիպրոսի ավանդական բարեկամի եւ դաշնակցի հետ` մեր ռազմավարական գործընկերության ընդլայնման վերաբերյալ: Մի քանի օրից Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձն է եւ ես կցանկանայի  սրտագին շնորհավորել այդ կապակցությամբ: Հայաստանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ իրենց երկիրը, կարճ ժամանակում հասել է նշանակալի առաջընթացի եւ ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով երկրի ներսում, այլ նաեւ հարգանք եւ վստահություն է վայելում միջազգային հանրության կողմից”:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքը ուրախ է կրկին այցելել Կիպրոս, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, մի երկիր, որի խորհրդարանը առաջիններից, դեռեւս 1982 թվականին, ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, մի երկիր, որտեղ առկա է ակտիվ եւ օրինակելի ինտեգրված հայ համայնք:

Նախարարները հանգամանալից անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության,  առեւտրատնտեսական հարաբերությունների  զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, քննարկեցին վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, որպես մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առաջին քայլ  վիզային ռեժիմի  դյուրացման գործընթացի, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Կոզակու-Մարկուլիսը նշեց, որ Կիպրոսը հանդիսանում է Հայաստանի աջակիցը Եվրոպական Միության հետ համագործակցության բոլոր ոլորտներում:

Քննարկվեցին նաեւ տարեվերջին կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ կիպրական հիմնահարցի կարգավորմանն ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը եւ երկու երկրների փոխադարձ աջակցությունը միմյանց կողմից այդ ուղղություններով գործադրվող ջանքերին:

Նախարար Կոզակու-Մարկուլիսը հանգամանալից ներկայացրեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական պաշարների օգտագործման Կիպրոսի ինքնիշխան իրավունքի դեմ Թուրքիայի անընդունելի սպառնալիքները եւ ապօրինի գործողությունները:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` Եվրոպական Միության  ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասաց. “Մենք խորապես ափսոսում եւ դատապարտում ենք  հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը եւ նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա  դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաեւ իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները եւ խոստումները, որոնք տրվել էին”:

Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարեւելյան զարգացումները:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի Նախագահի նախաձեռնության մասին, Կիպրոսի ԱԳ նախարար ասաց.

“Ես ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը` տարածաշրջանային կայունության հաստատման, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ցավոք սրտի չեն իրագործվում Թուրքիան կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու պատճառով: Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման եւ հետադարձ քայլեր կատարելու տխուր եւ երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների եւ հետագա ապօրինի քայլերի”:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ Կիպրոսի ԱԳՆ ղեկավար աշխատակիցների առջեւ եւ պատասխանեց նրանց հարցերին:

Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում էր նաեւ կիպրահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը, որոնց արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում ձեռնարկվող քայլերը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ