Հիշում ենք. Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 61 տարեկան
Ծննդավայր Գյումրիում նշեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, “Never Again” մշակութային շարժման նախաձեռնող, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը:
«Հայ մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի «Երիտասարդական պալատ»-ում անցկացվեց խոնարհումի միջոցառում՝ նվիրված ժողովրդական երգերի կատարող Ֆլորա Մարտիրոսյանին: Միջոցառմանը ներկա էին երգչուհու սերնդակիցները, նրա երգի սիրահարները:
«Ֆլորան կա, քանի դեռ նրան հիշում ու գնահատում են»,- նշեցին ներկաները:
«Անմահ է մեր Ֆլորան, որի երգը պարուրված է դարդով: Դարդն էլ է պետք մարդուն, որը ցավեցնելով, ավելի խելացի է դարձնում մարդուն: Իսկ Ֆլորայի երգը մտել է ժողովրդի մեջ ու դարերով կտանի իր հետ: Հաճախ ոչ թե ասում են երգի հեղինակի անունը, այլ ասում են Ֆլորայի երգն է, այսինքն՝ Ֆլորան՝ վերցնելով երգը նվիրել է դարերին», – իր խոսքում նշեց մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
Շատերը հիշողություններ պատմեցին Ֆլորա Մարտիրոսյանի մասին: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Բյուրակն» միջնադարյան երգերի համույթը, իրենց խոնարհումը սիրված երգչուհուն բերել էին նաև «Հուսո փարոս» դպրատան սաները:Գյումրեցի երգիչ–երգչուհիների կատարմամբ հնչեցին երգեր Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկից:
Երգչուհին դեռ մանկապարտեզում է աչքի ընկել յուրահատուկ ու անկրկնելի ձայնային տվյալներով: Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիան։ 2001 թ. Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա, իսկ 2007 թվականին՝ “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր՝ “Այլևս երբեք” կարգախոսով իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների։ 2011 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչում:
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս–Անջելեսում,վիրահատության ժամանակ: