Վարչապետի պաշտոնանկության հարց կա՞
“ՀՀ նախագահի ելույթը շատ կարեւոր է թե ժողովրդավարության զարգացման, թե առհասարակ, վերահսկողության առումով: Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, անհանդուրժող են բոլոր վատ երեւույթների, կոռուպցիայի նկատմամբ եւ դրա դեմ պայքարի տեմպերը նախագահին չի գոհացնում”,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, զարմանալ պետք չէ, երբ երկրի նախագահը կառավարությունից պահանջում է շատ ավելի զգոն լինել: “Սա խոսում է մի բանի մասին, որ իշխանությունն այնքան ուժեղ ու լայնախոհ է, որ ինքն է պայքարում իշխանական մարմիններում տեղ գտած վատ երեւույթների դեմ, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի լճանում, այլ ընդհակառակը` նախաձեռնող է եւ լի վճռականությամբ”,-նշել է ՀՀԿ խոսնակը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք հակասություն չկա նախագահի կոշտ քննադատության եւ օրեր առաջ ԳՄ նիստից հետ պարոն Շարմազանովի արած այն հայտարարության միջեւ, թե ՀՀԿ-ն սատարում է գործող կառավարությանը, եւ կարելի՞ է ենթադրել, որ նախագահի ելույթից հետո գուցե վարչապետի պաշտոնանկության հարց առաջանա, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.”
Նախ, ես չեմ որոշողը` կարող է, թե չի կարող լինել, պարզապես չեմ կարծում, որ նախագահի ելույթը եւ կառավարության գործունեությունը պետք է նայել հակասության մեջ: ՀՀԿ-ն վարչապետի փոփոխության հարց չի քննարկել, ավելին, ՀՀԿ-ն սատարում է այս կառավարության իրականացրած գործունեությունը:
Այս կառավարությունը մեր կառավարությունն է, այն ինչ-որ մեկը ինչ-որ տեղից չի բերել: Այս կառավարությունը ձեւավորել ենք մենք եւ այն իրականացնում է քաղաքականություն , որը բխում է իշխող կոալիցիայի գաղափարախոսությունից եւ ծրագրերից, եւ բնականաբար, այդ թիմի ղեկավարը` ՀՀ նախագահը պետք է շատ հստակ հանձնարարականներ տա եւ, եթե տեսնում է, որ մի տեղ այդ քաղաքական գիծը լավ չի գնում, բնականաբար, պետք է խիստ գնահատականների արժանացնի”:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն, նրա ղեկավարը, ի տարբերություն նախկին իշխանությունների, բացթողումների մասին խոսում է ոչ թե ծածուկ, այլ` հրապարակային, որպեսզի հասարակությունը տեսնի, որ կան խնդիրներ եւ կան դժգոհություններ, բայց սա մեկնաբանել, որպես կառավարության ձախողում, ճիշտ չէ:
Henaran.am-ի մյուս դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ նախագահի այս քայլը փոքր-ինչ ուշացած էր, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.”Չեմ կարծում, թե նման տեսակետներն արդարացված են:
Հիշենք նախորդ 4 տարիներին թե նախագահի, թե կառավարության, թե իշխող քաղաքական ուժի գործունեությունը. մենք միշտ էլ բաց ենք եղել եւ երկրի նախագահը մշտապես շատ խիստ գնահատականների է արժանացրել տարբեր ոլորտներում տեղ գտած բացթողումները:
Հիշենք նախագահի գնահատականները հարկային եւ մաքսային մարմիններին, արդարադատության ոլորտի հետ կապված քննարկումները, ժողովրդավարության զարգացման առումով պարբերաբար ունեցած ելույթները,որոնք արդյունքներ տվեցին, հիշենք ՀՀԿ համագումարին նախագահի ելույթը, որտեղ նա շատ հստակ խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ շեշտեց, որ չպետք է լինի որեւէ չինովնիկ, որն իրեն օրենքից վեր կարող է դասել ”:
Շարմազանովի խոսքով, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականները այն քաղաքականության շարունակությունն են , որը վարել է նախագահը այս տարիների ընթացքում: