Խոշոր ավտովթար Գյումրիում․ 5 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է /ֆոտո/
Փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում:
Ժամը 17.00-ի սահմաններում Մերսեդես և Ֆոլցվագեն մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար, որից հետո Մերսեդես մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել է էլեկտրասյանը: Դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղում, որտեղ կա գազալցակայան, ու մեքենան ցանկացել է թեքվել դեպի լցակայան, բայց հանդիպակաց մեքենան չտեսնելու, թե բարձր արագության հետևանքով չի կարողացել արգելակել:
Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով տուժել է 5 հոգի, նրանցից մեկը 1,5 տարեկան երեխա է: Նրանք գտնվել են Մերսեդես մեքենայի մեջ: Վթարից հետո անցորդների օգնությամբ մեքենայից դուրս են բերվել ուղևորներին ու վարորդին և տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն, իսկ երեխային տեղափոխել են Ավստրիական Մոր և մանկան առողջության կենտրոն: Ֆոլցվագեն մեքենայի վարորդը չի տուժել:
«Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տարված 1,5տարեկան փոքրիկի վիճակը միջին ծանրության է, նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, ստորին ծնոտի վնասվածք: Երեխան տեղափոխվել է Երևան:
Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներն են՝ 38 տարեկան Գառնիկ Մուրադյանը, որի մոտ ախտորոշվել է աջ սրունքի ոսկորների բաց կոտրվածք, 43-ամյա Գագիկ Ազարյանը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, 38 տարեկան Սյուզան Դանիելյանը՝ գանգուղեղային փակ վնասվածքով եւ 29-ամյա Ստեփան Աղայանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի կոտրվածքներ: Տուժածներից երեք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը դեռ հետազոտման փուլում է:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները ճշտվում են:
Դեպքի վայրում աշխատում են ՇՄ ոստիկաններոն ու քննիչները: