Փաստաբանների պալատում խորհրդավոր գաղտնապահություն է. Ահազանգ /տեսանյութ/
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը հայտնում է , որ երեկ ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը:
« Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չէր ներկայացել նիստին: Ա. Պապիկյանը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը, այն է՝ խորհուրդը դիմի դիմողին՝ նրա համաձայնության համար: Այս միջնորդությունը ևս մերժվել է: Խորհուրդն առաջարկել է Ա. Պապիկյանին նիստի տեսանկարահանման համաձայնությունը ստանալու համար անձամբ դիմել Գաբրիելյանին, ինչը Պապիկյանի կողմից չի ընդունվել՝ այդ առաջարկի անտրամաբանական լինելու հիմքով: Երկու միջնորդությունների մերժումները ստանալուց հետո Պապիկյանը լքել է նիստը, որը և շարունակվել է նրա բացակայությամբ:
Որպես իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան ասոցիացիայի համար, մեղմ ասած, անհասկանալի է իրավապաշտպան գործունեության (իսկ փաստաբանությունն իրապես այդպիսին է) գաղտնի կամ քողարկված իրականացումը:Վատ կամ անընդունելի երևույթները դրսևորվում են առավել պատեհ՝ գաղտնի կամ մթության պայմաններում, իսկ լույսը և թափանցիկությունը, լինելով չարիքն ու հոռի երևույթները կործանող ու չեզոքացնող, անչափ կարևոր են իրավապաշտպանի ու փաստաբանի համար:Ուստիև ՓՊ խորհրդի՝ իր առաքելությունից չբխող, չպատճառաբանված, ոչ հրապարակային գործունեությունն անընդունելի է և առնվազն կասկած է հարուցում:«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դիմում է Փաստաբանների պալատին՝ պահանջելով դադարեցնել խորհրդավոր գաղտնապահությունը և ապահովել առավելագույն թափանցիկ և հրապարակային աշխատաոճ»,-նշում է Նինա Կարապետյանցը: