Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ:
Ողջունելով դեսպանին` քաղաքապետն ընդգծել է դեռևս 2008 թվականից Երևանի և Սոֆիայի միջև ձևավորված բարեկամական կապերը և կարևորել համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Տարոն Մարգարյանը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել Բուլղարիայի դեսպանատանն ու համատեղ ծրագերի խթանմանը:
«Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր համագործակցությունը կմտնի նոր փուլ և արդյունքներն էլ ավելի շոշափելի կլինեն, ինչում, համոզված եմ, նաև Դուք, տիկին դեսպան, կունենաք Ձեր ակտիվ մասնակցությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան իր հերթին արդյունավետ է գնատել Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունը՝ մասնավորեցնելով կրթական ոլորտը, որի շրջանակում ակտիվ համագործակցութուն է ծավալվել Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի հետ: Նշվել է նաև, որ Բուլղարիայի նախագահի և կառավարության աջակցությամբ առաջիկայում դպրոցում կբացվի նորագույն տեխնիկայով հագեցած, հիմնանորոգված և կահավորված ինտերակտիվ դասասենյակ:
«Պարոն քաղաքապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մշտական աջակցության և պատարստակամության համար: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, որոնք կարող են ապահովել համագործակցության նոր արդյունքներ», – նշել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այլ ոլորտներում ևս համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ ուրախ կլինի այս տարի հյուրընկալելու Սոֆիայի գործընկերոջը՝ հատկապես հաշվի առնելով, որ Երևանն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը: