Հայաստանը պետք է հետեւողական լինի. քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովի գործով Եվրոպական խորհրդարանում հրապարակված բանաձևը դրված էր բավական բարձր նոտայի վրա: “Հետաքրքրիր բան կատարվեց, բանաձևը ավելի խիստ էր, քան նախագիծը: Նախագիծն ընդամենը 10 կետից էր բաղկացած և մի քիչ մեղամացված էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի խոսքով` դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որը Եվրոպան այսօր զգում է` հասկանալով, որ Անդրկովկասում ծնվել է մի պետություն, որ ահաբեկչությունը որդեգրել է որպես քաղաքականություն, և որի բնակչության մտածելակերպը համապատասխանում է պետության նմանատիպ քաղաքականությանը:
Քաղաքագետը, իհարկե, ողջունում է այդ բանաձևը, սակայն խորհուրդ է տալիս “ձեռքերը ծալած չնստել”: Այս հարցում Հայաստանը պետք է շարունակական հետեւողականություն ցուցաբերի, նա պետք է պնդի, որ Եվրախորհրդարանից բացի միջպետական, միջազգային և միջժողովրդական բոլոր կառույցները ևս աշխատանք տանեն այս ուղղությամբ ու համապատասխան քայլեր ձեռնարկեն: “Եթե միայն ծափահարենք ու ուրախանանք ընդունված բանաձևով, ապա այն ոչինչ չի տա’’,-եզրափակեց Մելիք-Շահնազարյանը: