«Մայրապետյանը բացահայտ քցում ա մարդկանց». «Սասնա ծռերի» անդամի տունը օտարելու որոշում կա/տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից: Փաստաբանը իր գրությամբ հայտնում է, որ կառավարության 2013թ. որոշմամբ՝ Տերյան 23 հասցեի շենքի բնակարանները ճանաչվել են գերակա շահ եւ ենթակա են օտարման:
Շենքի բնակարաններից մեկը սեփականության իրավունքով պատկանում է «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. օգոստոսի որոշմամբ Գերավետյանի բնակարանը օտարվելու է 41 միլիոն 265 հազար դրամ փոխհատուցումով, սակայն դատական ակտի հարկադիր կատարման ժամանակ պարզվել է, որ Գերավետյանի բնակարանի վրա արգելանք է դրել «Սասնա ծռերի» գործովնախաքննական մարմինը:
Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ Տերյան փողոցի երկու շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են, որ շատ ցածր գնով իրենցից խլում են իրենց բնակարանները:
«Սամվել Մայրապետյանի նմանների պատճառով մարդիկ երկիրը թողնում ու փախնում են: Նա բացահայտ քցում ա մարդկանց: Ես կարող է ներկայացնել, թե նա քանի միլիոն դոլարներ է խաբել: Եթե ցանկանում է օգտվել իմ այս վիճակից ու անել իր սև գործը, ապա ասեմ, որ չի կարող ու դրա համար պատասխան կտա»,-հայտարարեց Վարդան Գերավետյանը:
Դատավորը նշեց, որ քանի որ գրության հեղինակն այս դատավարության կողմ չի հանդիսանում, դատարանն այն քննելու հարցը կորոշի օտարման առնչությամբ փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունից հետո:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
Մանրամասները` տեսանյութում: