23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է, Ֆեդյա

Դեռեւս 17-րդ դարում իտալացի իրավաբան Չեզարե Բեքարիան հանճարեղ միտք հղացավ այն մասին, որ հանցավորություն դեմ պայքարում կարեւոր է ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը: Այսօր Հայաստանում հետեւողականորեն ամրացող քաղաքացիական հասարակության գերխնդիրն է ձեւավորել եւ ամրապնդել պաշտոնատար անձանց պատասխանատվության ինստիտուտը: Սա այն մեխանիզմն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել համակարգային, եւ ոչ թե կոսմետիկ փոփոխությունների` “Տարոն ջան, գեղեցիկ չի” ոճով: Պետք է խնդիրը ձեւակերպել այլ տրամաբանության մեջ` “Տարոն, սա անօրինական է, ո՞վ է սրա համար պատասխան տալու”:

Երեկ տվյալներ հրապարակվեցին վաստակավոր “բնապահպան” Վարդան Այվազյանի` ամերիկյան դատարաններում ունեցած արկածների մասին, թե ինչպես է աշխարհի «ամենաազնիվ» դատական համակարգը արդարադատություն իրականացրել` մեր «բնապահանից» պահանջելով աստղաբաշխական թվեր, ի օգուտ մեկ այլ գողի` ինչ-որ օտարածին հանքարդյունաբերական ընկերության:

Անձամբ ինձ շատ քիչ է հետաքրքիր, թե ինչպես կբաշխվեն գողացված փողերը, կարեւորն այն է, որ դրանք մեզանից են գողացվել, ու քանի դեռ ամերիկյան «արդարադատությունը» առաջնորդվում է ոչ թե գողին պատժելու, այլ գողոնը «արդարացիորեն» բաշխելու տրամաբանությամբ, այդ դատարանի որոշումներն ունեն զրոյական իրավական արժեք, քանի որ չեն լուծում քրեական իրավունքի համար ամենակարեւոր խնդիրը` հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության հարցը:

Վարդան Այվազյանը պետք է պատասխանատվության ենթարկվի Թեղուտի հանքավայրի շահագործման գործարքի համար եւ ոչ թե ի փառս ամերիկյան արդարադատության: Հարցերը առարկայական դնելու դեպքում պետք է պատժվեն բոլոր գողերը, եւ առաջին հերթին` Հայաստանում կոռուպցիայի հիմնական խթան համարվող, Հայաստանի բնական պաշարները բացահայտ ու լկտիաբար կողոպտող օֆշորային ընկերությունների գլխավորությամբ:

Անցնենք թեմային. վերջերս հերթական բնապահպանության նախարարը հաստատեց հերթական հանցավոր նախագիծը` Ջերմուկին հարակից եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը:

Այս պահին հարկ չեմ համարում անդրադառնալ այդ ծրագրի անօրինականության մասին փաստող իրավական մանրամասներին: Միայն նշեմ, որ այդ հանքավայրի շահագործման հետեւանքով մենք բառիս բուն իմաստով կորցնում ենք ոչ միայն Ջերմուկի առողջարանը, այլեւ Սեւանա լիճը` ու սա ամենեւին չափազանցություն չէ: Դրա վկայությունն է Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, ինչը, սակայն, հանքավայրի շահագործման համար որոշումների կայացման գործընթացում ունեցել է զրոյական ազդեցություն:

Հարկ չեմ համարում անդրադառնալ նաեւ սեյսմիկ ռիսկերին, որոնք ոչ մի կերպ չեն գնահատվել, Կարմիր գրքում գրանցված բույսերին ու կենդանիներին, որոնք տարածքից ոչնչացվելու են, խմելու ջրի պաշարների ծավալով Հայաստանում երկրորդը համարվող Սպանդարյանի ջրամբարի անխուսափելի աղտոտմանը եւ այլ հարցերին:

Դրանք այլեւս կարեւոր չեն: Մենք հոգնել ենք ամեն բուծիկի, ամեն բորդյուրի ու զուգարանի համար իրավական հիմնավորումների փաթեթ ներկայացնել, որ հետո դիվանբաշին գա ասի` էդ զուգարանը քանդեք, գեղեցիկ չէ: Հետայսու այլ կերպ է լինելու` հարցը կարգավորվելու է “քաղաքացիական արդար եւ անկախ դատարանի” կողմից` ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակում:

Մենք ձեզ այլեւս երկարաշունչ նամակներ չենք գրելու, չենք փորձելու հիմնավորել, որ ձեր գործողությունները աղետալի են մեր երկրի համար: Այլեւս Տարոնին չենք հորդորելու “իջնել”, չենք հանդուրժելու այն լափշան, որ «բնապահպանության” եւ այլ նախարարություններում փորձում են կախել մեր ականջներից:

Հետայսու մենք ձեզ պարզապես ասելու ենք, թե դուք ինչ պետք է անեք, քանի որ մեր Սահմանադրության ուժով մեր երկրում իշխանությունը պատկանում է մեզ, եւ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ ձեւավորվող քաղաքացիական հասարակության գոյությամբ իմաստավորվող իրողություն: Մենք ձեզ վարձել ենք, որ ծառայեք մեզ: Դրա համար մենք ձեզ վարձատրում ենք մեր վճարած հարկերով: Մենք ձեր գործատուներն ենք, ու կրկնում եմ` դուք կանեք այն, ինչ մենք ձեզ կասենք: Հակառակ դեպքում` ձեր օսլայած օձիքից կբռնենք ու կշպրտենք դուրս: Համակերպվեք այս մտքին:

Եւ այստեղ ձեզ չեն օգնի ոչ նեոգաղութարար անգլոսաքսերը, ոչ սովետի մնացուկ ռուսները: Ձեզ բազմիցս ողջամտության կոչ ենք արել, պատրաստ ենք եղել անգամ օգնել` դիմակայելու մեր ռեսուրսները ծծող, մեր երկրի ազգային ունեցվածքը կողոպտող օտարներին, բայց կարծես ձեր գլխին կուտակված կոմպրոմատի չափաքանակն այնքան շատ է, որ ձեր կամքից այլեւս ոչինչ կախված չէ` երբ պետք լինի մի Պզոյի, կամ մի Վարդան Այվազյանի գործ դեմ կտան, իրենց նախընտրած որոշումը կկորզեն:

Այստեղ մնում է մեկ տարբերակ` հասարակությունը` Հեֆերնի գովերգած ուժեղ քաղաքացիական հասարակությունը ինքն է որոշումներ կայացնելու եւ ինքն էլ դրանք ի կատար է ածելու: Այդ հասարակության օրակարգ է մտել հարցերի հարցը` անօրինական որոշումներ կայացնողներին համարժեք պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության ինստիտուտի ձեւավորումը: Դա այն ինստիտուտն է, որը բռնելու է բնապահպանության եւ այլ նախարարների, գլխավոր ճարտարապետի, մանր-մունր չինովնիկների ձեռքը, ովքեր ամեն վայրկյան իրենց գլխավերեւում պետք է զգան դամոկլյան սուրը` անխուսափելի պատասխանատվության սպառնալիքը:

Հ.Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում եղել է մի գործ, որն իրավաբանական շրջանակներում հայտնի է որպես Քեսլերի գործ: Այսպես, մինչեւ երկու գերմանական պետությունների վերամիավորվելը Բեռլին քաղաքն իր հայտնի պատով բաժանված էր երկու մասի` հարուստ ու զարգացած, եւ սովետական` հետամնաց: Լավ կյանքի փնտրտուքով արեւալյեն մասի բնակիչները գիշերով փախուստի էին դիմում` ցատկելով պատի վրայով:

Այդ երեւույթը կանխելու համար տեղի իշխանություններն օրենքներ ընդունեցին, որոնց ուժով թույլատրվում էր կրակել ու սպանել փախչողներին եւ դրա համար պարգեւատրվել:

Պատի փլուզումից հետո այդ օրենքներն ընդունողները եւ կատարողները կանգնեցին դատարանի առջեւ: Նրանց այն փաստարկին, թե օրենքն իրենց թույլ էր տալիս, եւ անգամ պարտավորեցնում էր այդպես վարվել, գերմանական դատարանները (այդ թվում` Գերմանիայի սահմանադրական դատարանը), այնուհետեւ` նաեւ Եվրոպական դատարանը նրանց պատասխանեցին Ռադբրուխի բանաձեւի կիրառմամբ:

Բանաձեւը մոտավորապես հետեւյալն է` “պետական մրմինների կողմից ընդունված իրավական նորմը չի կարող օրենք համարվել, եթե այն կոպտորեն խախտում է մարդու կենսական իրավունքները”: Հետաքրքիրն այն է, որ այդ բանաձեւն անգամ իրավական նորմի ուժ չունի` այն ընդամենը դոկտրինալ աղբյուր է, որն արձանագրում է իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, ամրագրում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:

Իր իշխանությունը բոլոր միջոցներով պահող, Ազգային ժողովի ընտրություններում 120 տոկոս ձայներ «ստացած» ադմինիստրացիան կարող է ընդունել ցանկացած օրենք, նրա դատարանները կարող են այդ օրենքները մեկնաբանել՝ ըստ “վերեւից” իջեցված հրահանգների, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. իրավունքն անքակտելի է: Մենք իրավունք ունենք ապրելու առողջ շրջակա միջավայրում. դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Մենք արդեն հոգնել ենք ձեզ այդ մասին «հիշեցնել», ժամանակն է դա «հասկացնել»…

Հ.Գ.-2 Նախադրյալ առաջին` Ամուլսարի շահագործման արդյունքում գերշահույթներ է ստանալու ինչ-որ բրիտանական օֆշորում գրանցված ընկերություն, եւ մի քանի տեղական սուբյեկտներ: Հանքավայրի շահագործման համար ճնշումներ են բանեցնում բրիտանական եւ ամերիկյան ազդեցության տակ գտնվող, “ժողովրդավարության ռահվիրա”, Հայաստանում “աղքատության հաղթահարման ջատագով” կառույցները:

Նախադրյալ երկրորդ` կառավարությունը` հանձին բնապահպանության նախարարության, թույլատրել է հանքավայրի շահագործումը:

Նախադրյալ երրորդ` Ամուլսարի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ազդելու է Սեւանա լճի էկոհամակարգի, Սեւանի ջրի որակի, Սեւանի կենդանական աշխարհի վրա: Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր` Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հանքավայրի շահագործման ծրագրին` հաշվի առնելով Սեւանի վրա բացասական ազդեցության վտանգները: Շահագործման արդյունքում Սեւանն աղտոտվելու է խիստ թունավոր նյութերով, բարձրանալու է ջրի ռադիացիոն ֆոնը:

Նախադրյալ չորրորդ` ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 394-րդ` էկոցիդը` «Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը պատժվում են ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Էկոցիդը մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է:

Հետեւություն` Ամուլսարի հանքավայրի շահագործումը հանգեցնելու էՍեւանա լճի էկոհամակարգի ոչնչացման, ինչի մասին նախաձեռնողներին տեղեկացվել է Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից: Հանքավայրի շահագործումն իրականացնելու դեպքում այս գործընթացի մասնակից բոլոր սուբյեկտները` տեղական արտադրության, թե եվրոպական ստանդարտների, ենթակա են քրեական պատասխանատվության մարդկության դեմ գործած հանցանքի համար: Այդ ոճիրը չի ճանաչում ոչ պետական սահմաններ, ոչ ներպետական օրենսդրության “նրբություններ”, եւ ոչ էլ “քաղաքակիրթ ազգին” պատկանելություն:

Մենք հասկանում ենք, իհարկե, որ եվրոչինովնիկներն ապրում են իրենց  անպատժելիության պատրանքով եւ անգամ ակնհայտորեն էկոցիդ իրականացնելու պարագայում վստահ են իրենց զգում: Նրանք կարծում են, թե գտնվում են երրորդ աշխարհի ինչ-որ Բուռունդի կոչվող երկրում` իր բինգո-բանգո տոհմախմբով:

Անգամ Հունգարիայի պես միջակ մի երկիր իրեն թույլ է տալիս մեզ հետ վարվելու ինչպես փալասի կտորի հետ, էլ ուր մնաց` Մեծ Բրիտանիան: Մենք կարծում ենք, սակայն, որ աշխարհում ընթացող սոցիալական վերաձեւումները, էկոլոգիական կատակլիզմները շատ շուտով հանգեցնելու են մերօրյա համակարգի այնպիսի շեշտակի ու «չպլանավորված» փոփոխությունների, որ Ռադբրուխի բանաձեւի մասին կրկին հարկ կլինի հիշել:

Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ