Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում
Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան հանրագրում հաղորդել է.
«Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ:
Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: Ուշագրավ է, որ սեփականատերն օտարերկրյա ներդրող է, ով նախագծի վրա ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար:
Դրանից բացի, օրեր առաջ պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Սարսանգ-Մատաղիս հատվածում չորս նախագիծ է իրականացվելու, որոնց շրջանակներում ջրամբարներ են կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի, ոռոգման և ձկնաբուծության նպատակներով: Այդ նախագծերի արժեքն անցնելու է 100 միլիոն դոլարը, որի զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից:
Տեղեկացնեմ, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 6 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 28.5 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով:
Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել են 351,1 մլն կՎտ/ժ: Պլանավորվում է մի քանի տարում սեփական արտադրանքը հասցնել ավելի քան 800 մլն կՎտ/ժ-ի, և դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ այն չէր գերազանցում 90 մլն կՎտ/ժ-ը»: