Ինչո՞ւ այդ թուղթն ի հայտ եկավ իմ հայտարարությունից հետո. Վարդան Այվազյան /վիդեո/
“Դատական գործընթացը գնում է 2008թ-ից, եթե ոչ ավելի շուտ: Վեց տարի է, ինչ ինձ փորձում են դարձնել արբիտրաժային կողմ: Շատ օպերատիվ արագությամբ հայտնվում է կատարողական թերթիկը, հետաքրքիր երեւույթ է տեղի ունենում` Միջազգային արբիտրաժը մերժում է, Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը կատաողական թերթիկ տալիս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով իր դեմ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի կայացրած վճիռը, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Վարդան Այվազյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու է 2008թ կայացված վճռի կատարողական թերթիկը 2012-ի սեպտեմբերին ի հայտ գալիս, այն էլ` ԶԼՄ-ներով, թե ինչու դատական գործը Նյու-Յորքի շրջանային , այլ ոչ թե ՀՀ վարչական դատարանում է ընթացել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը պարտավորեցրել է Վարդան Այվազյանին հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար:
Այս մասին տեղեկացրել էր “Հետք”-ը, որի փոխանցմամբ` ըստ վճռում եղած նյութերի՝ 2006 թ. “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։
Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը:
“Դիմեք իրենց, ովքեր ասել են, որ ես երեք միլիոն կաշառք եմ ուզել, որ ես կարողանամ դատի տալ, չկա այդ մարդը: Այդ գործերը լրատվության միջոցով է գնացել: Ինձ համար զավեշտ է դառնում ոմանց շահագրգռվածությունը: Պարոն Բաղդասարյանի որդին աշխատում է “Գլոբալ Գոլդ Մայնինգում”, Հետք“-ի Էդիկ Բաղդասարյանի որդին”,-հայտարարել է Վարդան Այվազյանն ու հավելել.”Կոռումպացվածը դա գրողն ա”:
“Ի՞նչ վնաս եմ ես տվել, կարո՞ղ է իրենց խաբած ավանդատուների վնասն է, թող գնան հանքերն էլ նայեն, նախարարության կատարված աշխատանքն էլ նայեն: Լեշակերների որոշակի ոհմակ կա, որ ինձ ամոթի կոչ են անում, ի՞նչն է ամոթ, որ ՀՀ շահերը պաշտպանե՞լ եմ: Էսի կատուն, էսի միսը, էսի հանքավայրը, էսի իրենց գործողությունները, էսի Հայաստանի Հանրապետությունը: Ես պատասխան ունեմ տալու միայն եւ միայն իմ ժողովրդին, իմ ընտրողին, ձեր առջեւ”,-նկատել է Վարդան Այվազյանը:
Վարդան Այվազյանն ասել է, որ Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է իրեն որպես կողմ ճանաչելու մասին հայցը` անհիմն լինելու պատճառով: Վարդան Այվազյանն արդեն զանգահարել է Նյու Յորք եւ փաստաբանի միջոցով փորձում է ուսումնասիրել խնդիրը:
“Ես պետք է փորձեմ հասկանալ, թե էդ ինչ վարույթ է , էդ ինչ թուղթ է , որ 2008-ին դատարանը որոշում է կայացրել, 2012-ի սեպտեմբերին, երբ ԱԺ-ում հայտարարում եմ, որ գունավոր մետաղ արտադրողները, որոնք օգտագործում են ցիաններ եւ այլ վտանգավոր նյութեր, պոչամբարի ողջ պարունակությամբ պետք է պարտադիր բնապահպանական վճար վճարեն, այդ թուղթը ի հայտ է գալիս”,-շեշտել է Վարդան Այվազյանը: