Եթե եղած խնդիրները շարունակվեն, գուցե իշխող ուժը մտածի վարչապետին փոխելու մասին. Հեղինե Բիշարյան
“Երբ էլ որ արվեր նախագահի նկատողությունը, հարց էր առաջանալու, թե ինչու հենց այդ պահին արվեց’,- Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախագահ Սարգսյանի շաբաթ կառավարությանն ուղղված քննադատությունը` ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը կարծում է, որ Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում նաև Վերահսկիչ պալատի քննարկումներն ու ստուգումների արդյունքները պատճառ հանդիսացան, որ ՍերԺ Սարգսյանն այդպես արտահայտվեր:
Բիշարյանը նշեց, որ բոլոր դիտողությունները տեղին էին, շատ կարևոր էր, որ նախագահի կողմից տրվեց “հաձնարարություն ու արվեց դիտողություն, որ վեր հանվեն խնդիրներն ու թերությունները”:
Ինչ վերաբերում է վարչապետի փոփոխությանը, ապա ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը չի կարծում, որ նախագահի դիտողությունը դրան էր միտված: Եթե կառավարության համակարգում որոշ խնդիրներ են առաջացել, կամ թերացել են որոշ չինովնիկներ, ապա դա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ վերանայել, հեռացնել կառավարությունը կամ նրա ղեկավարին:
‘Խնդիրներ կան, բայց եթե դրանք բարձրաձայնվում են ու լուծվում, ապա չենք հանգի նման արդյունքի: Եթե եղած խնդիրներն ու դիտողությունները շարունակվեն ու անգամ հրապարակային բնույթ կրեն, ապա գուցե և իշխող քաղաքական ուժը մտածի փոխելու մասին: Բայց ես այդպիսի միտում չտեսա այդ քննարկման մեջ’,-հավելեց Հեղինե Բիշարյանը: