Յուրի Վարդանյանի որդին էլ է զինվոր
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ երկու զորամաս:
Նախարարներն հանդիպեցին սպայական կազմի եւ զինվորների հետ, շրջեցին զորամասերում, ծանոթացան զինծառայողների կենցաղին, զրուցեցին հայրենյաց պաշտպանների հետ: Օրը լի էր խնդությամբ ու բերկրանքով, բոլորին էր համակել տոնական տրամադրությունը, չէ՞ որ երջանիկ է նա, ով նախօրեին կատարած աշխատանքում տեսնում է իր կամքի դրսեւորման հետքերը: Ներկա էին մարտիկներ, որոնց կամքի դրսեւորման արգասիքն արդեն հայտնի է՝ անառիկ են մեր սահմանները: Օրն իսկական տոնի վերածվեց հինգ զինվորի համար, ովքեր զինվորական գրքույկները ստացան նախարարների եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից:
Նախարարները շնորհավորեցին զինծառայողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ընդգծեցին օրվա խորհուրդը եւ հայ մարտիկի անուրանալի դերը հայրենիքի պաշտպանության գործում:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նշեց, որ այցը Տավուշի մարզի զորամասեր պատահական չէ, դրանք սահմանամերձ են ու առավել ուշադրության կարիք ունեն: Նախարարը խոստացավ, որ նմանատիպ այցերը շարունակական են լինելու եւ տեղեկացրեց, որ ապագայում նախարարությունն իր ծրագրերի շրջանակներում սպորտային գույքի տեսքով աջակցություն կցուցաբերի զորամասերին:
Յուրի Վարդանյանն ընդգծեց, որ ինքն այցելել է ոչ միայն որպես նախարար, այլեւ որպես զինվորի հայր, որ իր կրտսեր որդին էլ է այսօր ծառայում ՀՀ ԶՈՒ- ում եւ ինքը լավ գիտի, թե ինչ բան է ծառայությունը :
Տարեմուտի տոնակատարության առթիվ, բոլոր փոխնախարարների անունից՝ զինծառայողներին շնորհավորեց նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը: Վերջինս, կարեւորելով մարտիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, հիշեցրեց մեծ Նժդեհի խոսքերը, որ մարզադաշտը համարվում է մարտադաշտի նախադուռը, ուր մարտիկը վերածվում է մարզիկի եւ հարկ է, որ մեր մարտիկները նախապես լինեն լավ մարզիկներ:
Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեցին զինվորներին: