Գործադուլ Գյումրիում. փաստաբանները բողոքում են
Փաստաբանները բողոքում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի իրավակարգավորմանը: Օրենքի այս նախագիծը առաջին ընթերցմամբ անցել է Աժ-ում, ու մտավախությունը կա, որ բոլոր ընթերցումները կանցնի ու կդառնա կիրառվող օրենք:
Սրանով նախատեսվում է դատական սանկցիա ու մինչև 100,000 դրամ տուգանք կիրառել, եթե դատարանում փաստաբանը խախտում է դատարանում գործող կարգը: Սա, փաստաբանների կարծիքով, ոտնահարվում է իրենց իրավունքը: Շիրակի մարզի փաստաբանները, որպես նախազգուշական քայլ, այսօր՝ հունվարի 24-ին, մեկօրյա բողոքի ակցիա իրականացրին՝ հրաժարվելով Շիրակի մարզի պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Փաստաբանները նշել են, որ օրենքի նախագիծը կխոչընդոտի դատարանում արդյունավետ պաշտպանության ապահովմանը: Նրանք պայքարելու են այնքան ժամանակ, մինչ նախագիծը մերժվի: Ինչպես նշեցին բանախոսները, Հայաստանում արդեն մոտ 1300 փաստաբաններ միացել են այս բողոքին:
«Այդ օրինագիծը վերաբերվում է դատական երեք օղակներին էլ: Ներկայումս գործող կարգի համաձայն, եթե փաստաբանը խախտում է դատարանում գործող կարգը, դատավորը կարող է արձանագրել ու խախտման վերաբերյալ որուշում կայացնել ու ուղարկել փաստաբանական համայնքին, որը ազատ ու անկաշկանդ միություն է: Մենք ունենք մեր համայնքը ու կարող ենք մեր խնդիրները քննարկել: Փաստաբանական համայնքը կարող է վարույթ կազմել ու մեր համայնքը որոշի ու լուծի խնդիրը: Հիմա դատարանը մտնում է մեր համայնք: Այդ առումով կա խնդիր: Աշխարհի ոչ մի երկրում նման օրենք չկա, որ դատարանը տույժի ենթարկի փաստաբանին»,- նշեց փաստաբան Աննա Դավթյանը, ապա հավելեց, -Մենք այլ տեսակի դատավարական մեխանիզմ են մշակում ու կաշկանդում են փաստաբանոի լիազորությունները: Սա կապված է աղմկոտ գործերի հետ և Եվրադատարանում մեր փաստաբանների հաջողություններով է պայմանավորված»:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ մանրամասնեց օրենքի նախագիծը, որում մասնավորապես առանձնացրեց այն, որ «Հիմանորումների մեջ չկա ոչինչ, բայց հիմնավորումը, պարզ է, սահմանափակելն է: Մեր պետությանը անհրաժեշտ է համայնք, որը վերահսկելի լինի: Արդարադատություն իրականացնելու համար, սահմանափակում են փաստաբանին: Փաստաբանը նիստերի դահլիճում պետք է վախենա, որ հանկարծ դատավորը տույժի չենթարկի»:
Փաստաբանները նաև նշեցին, որ եթե նախկինում փաստաբանները պետության հատուկ պաշտպանությունից էին օգտվում, հիմա սա կարող է հանգեցնել նրան, որ փաստաբանների գույքի վրա կալանք դրվի, դա նույնպես արհեստական միջոց է փաստաբաններին լռեցնելու: