Ինչպե՞ս է նախարարն ընտրել կոնկրետ այդ զինվորին. քննարկում (տեսանյութ)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ մեր՝ նորանկախ Հայաստանի ամբողջ կյանքը բարեգործության վրա է հիմնված եղել: Այս մասին նա նշեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ՝ անդրադառնալով վերջերս զինվորի առողջական խնդիրները լուծելու համար Պն Վիգեն Սարգսյանի արած կոչի մասին:
Խառատյանն այս երևույթն անթույլատրելի համարեց՝ նշելով, որ պաթոսն այստեղ տեղին չէ:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն այս դեպքը մառազմ անվանե պետության նկատմամբ: Նա նկատեց, որ 90-ականներին նման բարեգործական քայլերը միգուցե նորմալ էին, այն ժամանակ նորմալ պետականություն էլ չկար, սակայն հիմա պետություն կա:
https://www.youtube.com/watch?v=qF6HRPZiJwQ
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը հավելեց, որ պաթոս ասվածը վատ երևույթ չէ, բայց վատ է դատարկ պաթոսությունը: Նա այդ կոչից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված աղմուկը դատարկ պաթոս անվանեց: Ըստ նրա՝ դա կամավոր է, այսինքն՝ եթե անձը ցանկանում է, կարող է օգնել, եթե ոչ՝ չօգնել:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ սարսափելին այն է, որ սա անում է Պաշտպանության նախարարը մի զինվորականի նկատմամբ: «Ի՞նչ ընտրություն է կատարել նախարարը, ինչպե՞ս է ընտրել կոնկրետ այդ զինվորին…»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ բարեգործությունները բոլոր երկրներում են ընդունված: «Այն պետություններում, որտեղ օրենքը գերակայում է, մարդիկ ավելի պաշտպանված են, բնականաբար: Հայաստանում էլ, եթե օգնություն պիտի ցուցաբերվի, պիտի բոլորի նկատմամբ ցուցաբերվի: Ըստ Վահրամ Թոքմաջյանի էլ՝ եթե ընկերությունը, անձը բաց ներկայացնում է իր եկամուտները, ազատ կարող է բարեգործություն անել: «Այսօրվա Հայաստանի բարեգործությունը հասարակության թշվառությունը ցույց տալու միջոց է»:
Հրանտ Տեր-Աբրահամյանը հավելեց, որ այդ գրառման ներքո հիմնական դրական արձագանքներ է տեսել: