Խեղաթյուրում եք փաստերը. դատավորը՝ փաստաբանին/տեսանյութ/
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:
Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը առարկեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողությունների դեմ:
Նշենք, որ այսօր հարցաքննության ենթարկվեց փորձագետ Ռուդիկ Պողոսյանը:
Արայիկ Պապիկյանը ընդգծեց, որ դատավորը փորձում է սահմանափակել պաշտպանների իրավունքը. «Օրինակ՝ տված հարցին արձագանքում եք, որ էական չէ, երբ փաստաբանի համար այդ հարցը էական է: Հարգելի դատարանն է որոշում հանել հարցը, որը առնչվում է ապացույցներին: Դատարանը հայտնում է դիրքորոշում, թե իբր մենք մեղադրում ենք մեղադրող կողմին: Հարգելի դատարան մենք իրավունք ունենք ամբողջությամբ կասկածելու փորձագետի եզրակացությանը: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Դուք այս դատավարության նկատմամբ ունեք կանխակալ վերաբերմունք»:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արձագանքեց, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը խեղաթյուրում է դատարանի որոշումը:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Մանրամասները` տեսանյութում: