Վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են թանկարժեք քարերով ու զարդերով /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն անդրադարձավ «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրին՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով:
«Գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում. օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը և այլն: Երկրորդ խումբ ապրանքները գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառքի հանվել: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաև ապրանքային տեսքն ու արժեքը: Հետևապես նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար»,- ասաց Արմեն Հայրապետյանը: