Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան):
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ փոխգործակցության զարգացման համար:
Նախագահ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը:
Դեսպան Իբրահիմ Համզաթը նշել է, որ Նիգերիան շահագրգռված է հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և տեղեկացրել, որ իր երկիրն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսության բազմազանեցման ուղղությամբ: Դեսպանն ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման հետաքրքրություն կա մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ Հայաստանը զգալի փորձ է կուտակել, ինչպես նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության բնագավառներում: Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ժամանակահատվածում լավագույնս իրականացնելու իր առաքելությունը՝ նպաստելով հայ-նիգերիական հարաբերությունների ամրապնդմանը: