«Պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել»
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանը: «2017 թվականի տարվա վերջ ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում»,-ասաց նա:
«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-հավելեց Կ. Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց տարածքաին կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվոթյունների եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ ներկայացնել: Բացի այդ նա կառավարության աշխատակազմի ղեկավարին և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարեց կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի լսեն իրենց պահանջը: «Շինարարության ոլորտում մենք ակնկալում ենք 2018-ին որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա»,-ասաց նա: