Հայաստանի նախագահը պետական գործչի դասական օրինակ.168 ժամ
“Հասկացող ու վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղված անձը, լինի դա քաղաքական գործիչ թե փորձագետ, հստակ պետք է գիտակցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության ողջ ընթացքում շոուներն ու քաղաքական PR-ը ոչ մի նշանակություն չեն ունեցել”,- այս մասին երեկ “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այն հայտարարությանը, թե կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը “վատ կազմակերպված շոու էր”:
Էդ. Շարմազանովի խոսքով` նախագահի շաբաթ օրվա ելույթը ցույց տվեց, որ ի դեմս Ս. Սարգսյանի, “Հանրապետությունն ունի ղեկավար, ով անհանդուրժող է ցանկացած վատ, կոռուպցիոն ու հակաօրինական երեւույթներին` անկախ նրանից, թե այդ երեւույթն իրականացնողը իր քաղաքական թիմի անդա՞մ է, թե՞ ոչ”:
Նաեւ հավելել է. “Ի տարբերություն շատ նախկին ղեկավարների` Ս. Սարգսյանը ոչ թե թաքուն է խոսում խնդիրների մասին, այլ բացահայտ է խոսում, հստակ կշտամբում է, պահանջներ է դնում` խնդիրները լուծելու նպատակ: Ու սա պետական գործչի դասական օրինակ է: Իսկ բոլոր նրանք, ովքեր խոսում են շոուներից, պարզապես չստացված շոուների մասնագետներ են”: