Մենք անձնական խնդիրներ չունենք. Ծառուկյանը՝ կառավարությունից (տեսանյութ)
«Մենք ոչ թե անձնական խնդիրներ ունենք, մենք իրականությունը տիրապետելով՝ դուք էլ տեսաք, որ մենակ մնացինք փոքր ու միջին բիզնեսի խնդիրների ժամանակ: Մենք ժողովրդին էլ ասում էինք, որ համապատասխան որոշում կա, որ եթե փաստաթուղթ չեն վերցնում, գանձում են 5 տոկոսը, նրանք ասեցին, որ մենք պատրաստ են ավել էլ վճարել, միայն թե մեզ հանգիստ թողեք: Մենք ժողովրդին ցավացնելով արդյունքի չենք հասնի»,-այսօր խորհրդարանում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխվել, որ վերջերս Կառավարության նկատմամբ քննադատությունը խստացրել են, պատասխանեց ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի Կառավարության գործունեությունը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է նայել, թե ինչպես են հիմա մարդիկ ապրում, ու դրանից էլ կարելի է համապատասխան եզրակացություն կազմել:
Հարցին, թե ընդունելի է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա արձագանքեց. «Երբ որ իրենց թեկնածուն կներկայացնեն, այդ ժամանակ էլ կասենք»: