Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին հորդորեց խուսափել Թուրքիա մեկնելուց, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան քայլի:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներ մեկնող իր երկրի քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը: Իսկ եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա ավելի լավ է որոշ ժամանակով հետաձգել այցը ԱՄՆ:
Թուրքական կողմը նշել է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ում աճել են ահաբեկչական գործողությունները, ձերբակալությունները, ինչպես նաև ռասիզմի դեպքերը:
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ում թուրք մի շարք պետաշխատողների նկատմամբ իրականացվում են «ճնշումներ»: Ոմանք ձերբակալվում են «սադրանքների» հիման վրա:
Հիշեցվել է, որ վերջերս Նյու-Յորքի մետրոյում տեղի էր ունեցել պայթյուն,իսկ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում՝ զինված հարձակում: Բացի դրանից հիշատակվել է, որ Մինեսոտա նահանգի մզկիթներից մեկում նույնպես տեղի էր ունեցել զինված հարձակումը: