Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է. քաղաքագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ:
Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ 2-րդ երկիրը, որը կճանաչի ԼՂ անկախությունը: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` սաֆարովյան ճգնաժամից հետո Հայաստանը կարող է սպառնալ Ադրբեջանին դուրս գալ բանակցություններից` օգտագործելով “Սաֆարովի գործը” որպես խաղաքարտ: Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ` Ղարաբաղն այսօր թե դեմոկրատական, թե սոցիալ-տնտեսական զարգացման առումով անկախ պետություն լինելու հնարավորություն չունի:
“Ես Ղարաբաղի ապագան տեսնում եմ Հայաստանի կազմում”,-նշեց քաղաքագետը ու հավելեց, որ Ղարաբաղի կարգավիճակի առումով` այն, ինչ այսօր մենք ունենք, արդեն իսկ ձեռքբերում է, եւ Ղարաբաղն այլեւս երբեք չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: