Վարդան Օսկանյանը քննում է վարչապետի անկարողության հարցը
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն անդրադարձել է օրվա գլխավոր հարցին` նախագահ Սարգսյանի կառավարության հասցեին հնչեցրած գնահատականներին:
“Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում: Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը՝ վարչապետը: Սակայն անկախ այդ պատասխանից՝ Հայաստանում կան համակարգային այնպիսի արատներ, որոնք չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա:
Այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության և ազատ տնտեսության ոլորտներում որոշակի բաներ արվել են: Բայց զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը:
Այն փոքրաթիվ մարդիկ, որոնք ունեն քաղաքական և տնտեսական լծակներ երկրում բարեփոխումներ իրականցնելու, բացարձակապես շահագրգրված չեն դրանցում, որովհետև այդ փոփոխությունները հակասում են իրենց շահերին:
Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը գտնվում են վտանգավոր կետում, այսինքն՝ այդ երկուսը առաջ են գնացել այնքան, որ կարելի է տեսականորեն ինչ-որ տեղ ասել, թե ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն գործնականում այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար:
Այլ կերպ ասած, վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:
Իսկական ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը Հայաստանի զարգացման և առաջընթացի համար այլընտրանք չունեն: Սա ենթադրում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, արդարություն, հանդուրժողականություն և մարդու ու խոսքի ազատություն: Տնտեսական ոլորտում` ազատ շուկայի հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն:
Իրավիճակ փոխելու համար բավարար չեն “քաղաքական հարազատներին” սթափեցնելու կոչերը: Երկրում հնարավոր կլինի իսկական բան փոխել, երբ ազատ արդար ընտրությունների միջոցով ձևավորվի այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ կլինեն իսկական հակակշիռներ, որտեղ նախարարների պատասխանատվությունը կլինի ոչ միայն յուրայինիների առջև, այլև ժողովրդի կողմից ձևավորված իշխանության միջոցով՝ ժողովրդի առջև”,-facebook-ի իր էջում գրում է Օսկանյանը: