Շնորհավորում ենք մենք՝ հենարանցիներս
Սիրելի՛ ընթերցողներ, ինչպես յուրաքանչյուր Ամանորին, այս անգամ էլ Henaran.am-ը ներկայացնում է, թե ինչպես են սովորաբար Ամանոր նշում հայտնի և ոչ այդքան էլ հայտնի մարդիկ: Կարծում ենք՝ Ձեզ համար հետաքրքիր է լսել տարվա ամփոփումներն ու սպասելիքները քաղաքական գործիչներին, տնտեսագետներին, հետաքրքիր պատմություններ լսել արվեստի աշխարհի ներկայացուցիչներից, ազատամարտիկներից, մեր զինվորներից, իմանալ, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ ավանդույթներ կան:
Արդեն իսկ մեր կայքում կարող եք ծանոթանալ այդ ամենին: Այս անգամ մենք էլ՝ հենարանցիներս, ցանկացանք մեր սրտի մաղթանքներով կիսվել ձեզ հետ: Այսպես ներկայացնում ենք մեր մի քանի թիմակիցների սրտի խոսքերը.
Նատաշա Հարությունյան- միջազգային բաժնի լրագրող
Henaran.am-ի սիրելի՛ ընթերող, ևս մեկ տարի միասին անցկացրինք ինֆորմացիայի հորձանուտում։ Տարին լի էր թե՛ լավ իրադարձություններով, թե՛ ցավոք՝ վատ։ Ցանկանում եմ, որպեսզի 2018-ին մենք՝ լրագրողներս, մի լավ չարչարվենք, լուրերի որսով, ու չգտնենք ոչ մի բացասական տեղեկատվություն։ Թող չլինեն ահաբեկչություններ, բնական աղետներ ու ողբերգություններ։ Վերջապես սկսենք լուսաբանել միայն դրական լուրեր։ Ու թող մեր ընթերցողին անհանգստացնող ու հոգնեցնող լուրերը լինեն միայն Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին վերաբերող լուրերը։
Առողջ տարի մեզ բոլորիս, սիրելի ընթերցող, շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Լուսինե Ղազարյան-լրագրող
Վայրէջքներով և վերելքներով հագեցած տարին դարձավ անցյալ: Արցունքները և ժպիտները ստվերվեցին ապագայի կարոտաբաղձ հայաքի ներքո: Ուզում եմ….որ աշխարհում գնահատվող ամենաբարձր արժանիքը լինի սերը, որ ամենաթանկը լինի բարությունը, և բնության միակ սոցիալական էակը` մարդը, կարողանա վայելել իր կյանքը լիարժեք: Ուզում եմ, որ Հայաստան աշխարհում մուրացկաններ չլինեն, որ արտագաղթ չլինի և իր, և իր նմանների ազատության համար պայքարող մարդը բանտարկված չլինի: Ուզում եմ՝ մարդիկ արարելու ճանապարհին խոչընդոտներ չունենան, որ բարձրագույն արժեքը լինի Հայրենիքը… Շատ բան եմ ուզում ու գիտեմ, որ մի օր իմ ցանկությունները կատարվելու են:
Շնորհավոր Նոր տարի…..Հայ ազգին, հայ զինվորին, հայ նորածնին ու ծերերին խաղաղություն եմ մաղթում….
Լիանա Գրիգորյան- «Հենարան» մամուլի ակումբի ասուլիսավար
Շուտով 2017թ-ը կդառնա անցյալ ու պատմություն: Այն նախորդ տարիների նման մարդկությանը բերեց ինչպես հաջողություններ և ուրախություններ, այնպես էլ տխուր պահեր և կորուստներ: Նոր՝ 2018 թ-ին, թող բոլորիս ուղեկցի միայն բարին ու գեղեցիկը, իսկ կյանքի յուրաքանչյուր ակնթարթը լցվի ուրախ ու երջանիկ պահերով: 2018թ-ին բոլորի ընտանիքներում թող իշխի միայն առողջությունն ու հաջողությունը, իսկ մարդիկ ապրեն անցավ ու անհոգ: Նոր տարին երեխանների ողջ կյանքի համար թող բերի անհոգ մանկություն, իսկ մեր երկրին միայն խաղաղություն: Վայելե՛ք Ձեզ տրված ամեն մի վայրկյանը և Ձեր կյանքը լցրեք սիրով ու բարությամբ: Եվ ինչպես Մայր Թերեզան է ասում. «Դարձեք Աստծո սիրո արեւաշող»: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Սիրելի՛ ընթերցողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ։ Մաղթում եմ՝ 2018 թվականին իրականանան ձեր նվիրական երազանքները։ Հարգելի՛ ընթերցողներ, անարդարությունը չարիք է յուրաքանչյուր երկրի համար և, ուրեմն, եկե՛ք յուրաքանչյուրս մեր տեղում մեր ուժերի ներածին չափով պայքարենք անարդարության ու կոռուպցիայի դեմ՝ հանուն մեր և մեր երկրի բարօրության։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր երկրի սահմաններն ամուր պահող քաջ հայորդիներին՝ մաղթելով նրանց տոկունություն ու առողջություն: Թո՛ղ ամուր ու անսասան լինեն մեր երկրի սահմանները։ Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի մեզ և մեր երկրին։ Թո՛ղ Աստծո ամենակարող աջը միշտ զորավիգ ու պահապան լինի Հայաստան աշխարհին և հայ ընտանիքներին։
Սերինե Գաբրիելյան-լրագրողՍիրելի՛ ընթերցողներ, բոլոր խոսքերն արդեն ասվեցին, բոլոր մաղթանքներն էլ հնչեցին: Ինձ մնում է հավելել, որ 2018-ին իսկապես մենք՝ լրագրողներս, ավելի շատ բարի լուրեր մատուցենք ձեզ, լուրեր, որոնք կարդալուց ձեր կյանքում ոչ թե նեգատիվը կավելանա, այլ պոզիտիվը…
Մենք աշխատում ենք Ձեզ համար, ևս մեկ անգամ շնորհավոր գալիք տոները… Նաև մաղթում ենք լավ հանգստյան օրեր, որովհետև ինչպես վարչապետն ասաց. «Լա՛վ հանգստացեք, որ մյուս տարի հունվարի 3-ից աշխատանքի ենք…»: