Նորից հրշմշտոց, իրարանցում, տկարություն. Գ. Ծառուկյանը` փող բաժանելու, նախագահ դառնալու ու լավագույն մարզիկների մասին
Այսօր Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում մարդաշատ էր դեռ առավոտվանից, շատերի ձեռքին նամակներ, դիմումներ, փարոսի գրքեր: Սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Փոքր երեխաների հետ, նույնիսկ սալյակով ու հենակներով մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Գագիկ Ծառուկյանին սպասելիս անցած տարի մի տղամարդ մահացավ, իսկ այս տարի մի տարեց կին ուշագնաց եղավ: Գագիկ Ծառուկյանի մեքենան տեսնելուն պես սկսվեց հրշմշտոցը, իրարանցումը, շարժվել ու առաջ ընթանալ հնարավոր չէր:
Այս ամենից ավելի շատ նեղվում էին Գագիկ Ծառուկյանին ուղեկցող պատգամավորներ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը հորդորում էր հերթով մոտենալ։ «Ամոթ է էլի ժողովուրդ, ծաղկեպսակը կքցեք հիմի»,- ասում էր նա, բայց անօգուտ:
ԲՀԿ առաջնորդը Երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դրեց, նաև հայտարարեց, թե այս տարի 100 միլիոն դրամ է փոխանցելու սոցիալապես անապահով գյումրեցիներին։
Գագաիկ Ծառուկյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի»՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելու հարցին, նա ասաց․ «Ծառուկյան դաշինքն» երբեք ու երբեք չի պարտվելու, եթե մեր քանակն էսօր քիչ է, ինչի՞ հիման վրա պիտի դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ, եթե մերը 31 պատգամավոր է, հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պիտի դնենք, մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնի»։
ԲՀԿ առաջնորդը նաև խոսեց իրեն «50 պլյուս 1» ձայներ չտալուց։ «Ինչ ցանել եք, այն էլ պիտի հնձեք։ Ծառուկյանն ասեց՝ տվեք 50 պլյուս 1, պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար՝ և՛ 15 կետերի համար, և՛ 15 միլիարդի համար։ 15 միլիարդի համար ասեցին՝ Ծառուկյանը բլեֆ է անում, գումար ներդրողներին ասին՝ մենք պատրաստ ենք։ Համապատասխան էսօր դուք օրինական կարգով ասեցիք՝ գնացեք ձեր ձայնը տվեք ձեր քուչի տղուն, ձեր թաղապետին, ձեր գյուղապետին, ձեր հեղինակությանը․․․Չեմ ասում ընտրությունը կեղծ է եղել, ընտրությունը եղել է նորմալ, ձայներ տվել եք քաղաքապետին, մարզպետին, գյուղապետին, այսօր արդեն 5 տարի ձեր արածը պտի գնանք, ստանաք», ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: