Կառավարությունը մերժեց Միհրան Պողոսյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին։ Նախագիծը ներկայացվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից և առաջարկվում է հաշմանդամության կարգ ունեցող անձանց ստացված եկամուտները եկամտային հարկով չհարկել։
Նրա խոսքով՝ պատգամավորի կողմից ներկայացված հիմնական շարժառիթը փաստարկվում է այն հանգամանքով, որ սա խթաններ կստեղծի տնտեսվարողների համար, որպեսզի ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձնանց ներգրավեն աշխատանքային հարաբերությունների մեջ։ «Իհարկե, ընդհանուր նկատառումը չնսեմացնելով՝ մենք խնդիր ենք տեսնում, պարոն վարչապետ, առաջինը պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկ վճարողն, իրականում, հենց ֆիզիկական անձն է, ոչ թե տնտեսվարողը, և տնտեսվարողը նայում է համընդհանուր ծախսի տեսանկյունից, այսինքն՝ եթե 100 հազար դրամ վճարում է, և եկամտային հարկը թողնվում է հաշմանդամություն ունեցող անձի մոտ, ամեն դեպքում, որևէ ծախսային փոփոխություն տնտեսվարողի մոտ չի առաջացնում, որպեսզի շարժառիթ ստեղծվի, որ նա ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձի ներգրավի»,-ասաց Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ օրենքում արդեն իսկ նման նորմ սահմանվել է։ «Մենք տնտեսվարողներին շահագրգռելու համար ասում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց վճարած եկամուտները ոչ թե 100 տոկոսով, այլ 150 տոկոսով նվազեցնում է շահութահարկի բազայից, այսինքն՝ մենք 50 տոկոս էլ բոնուս ենք տալիս, որպեսզի տնտեսվարողը շահագրգռված լինի»,-ասաց նախարարը։ Արամյանի խոսքով՝ եթե նորմը սահմանվի, այն կարող է հաշմանդամություն ունեցող անձանց հետագայում կենսաթոշակային իրավունքների հետ կապված կարող է խնդիր առաջացնել։
«Սա նաև վտանգավոր է այն տեսանկյունից, որ ոչ օրինապաշտ տնտեսվարողների համար սողանքի տեղ լինի, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա մեծ գումարներ դնեն, հետո դա ավելի մեծ չափով նվազեցնեն շահութահարկի իրենց բազայից»,-ընդգծեց Ֆինանսների նախարարը։ Վարդան Արամյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այս օրենքի ընդունումից. Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը։