06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի քանի խոսք առաջիկա պահքի մասին

Այս օրը նույնպես վերջինն է այս տարվա համար, և համարյա միշտ պահք է: Մի քանի  խոսք առաջիկա պահքի մասին … Փառք Աստծուն, որ Նա իր առաջին պատվերը առաջին մարդուն տվեց, ասելով. «Մի կեր այս պտղից», և հաստատվեց պահքի գաղափարը: Այսինքն՝ Պահքը
հասակակից է Ադամին:

Մեր օրերում մարդը դժվար է հաշտվում պահքի հետ, ասել է թե` կարգապահության հետ: Պահքը ուրիշ բան չէ, քան առաքինությունների հիմքը, հատկապես, որ ուղղորդվում է աղոթքով և ողորմությամբ: Եթե աղոթքով խոսում ենք Աստծո հետ, ողորմությամբ հարաբերվում մերձավորի հետ, ապա պահքը վերաբերում է սեփական անձին՝ նրա ներքին և արտաքին՝ հոգու և մարմնի կարգավորությանը:

Պահքը միակ միջոցն է մարմինն ամբողջովին հոգուն հնազանդեցնելու: Այսպես է իմաստավորվում պահքը, նրա յուրաքանչյուր շրջանը և օրը: Ուստի ճշմարիտ և հոգևոր քրիստոնյան, բարեխղճորեն պահելով այն, ոչ միայն իր հնազանդության պարտքն է կատարում, այլև պահեցողության շնորհիվ հեշտությամբ առաջադիմում է մյուս առաքինություններում:

Պահքը այնքան անհատական է, որ յուրաքանչյուր մարդ, ով հատկապես տոներից առաջ չի պատկերացնում պահք պահելու առավելության մասին, կարող է իր համար, որպես դաստիարակչական միջոց վերցնել ցանկացած ժամանակահատված և զրկվել իրեն իր համար հաճելի բաներից. թե սնունդ, թե սովորություն, թե որևէ մոլություն:

Ճիշտ պահելու դեպքում է ձևավորվում կամքը, իսկ ով ձեռք է բերում կամք, նա հաղթահարում է ցանկացած դժվարություն: Իսկ դժվարությունները քայլում են մեզ հետ ամեն օր: Եթե կա հիվանդություն, ապա կա նաև բուժամիջոց` հաստատված մեր Բարեգութ Տիրոջ կողմից: Երբեք չմոռանանք, որ մեր Տերը Իր Սուրբ Մարմինը կամավոր ենթարկեց ցավի, գանակոծման և խաչելության` հանուն մեր փրկության, իսկ մենք` խաղաղ պայմաններում չենք կարողանում մեր մարմինը զրկել մի քանի օրով որոշ կերակրատեսակներից` հանուն Նրա, որը ծնվեց, որպեսզի խաչը բարձրանա մեզ համար: Սա է մեր խնդիրը, որը լուծում չի գտնում մեր ներսում, մեր  «ես»- ի պատճառով:

Փառք, պատիվ և հազարավոր երկրպագություն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: 

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ