Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար
Դեկտեմբերի 27-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի փոքրիկներ, ուզում եմ, որ գալիք տարին լինի երազանքների իրականացման տարի: Թող 2018-ին Ձմեռ պապին նվերներ բերի բոլորիդ: Ամենակարևորը խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ Հայրենիքում եք: Ուզում եմ մնաք Հայրենիքում, միայն երջանիկ ու հաջողակ օրեր ունենաք: Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ ամենօրյա շփումները՝ որպես ինտեգրման բանաձև: «Սիրիահայերի մեծ մասը հաստատվել են Հայաստանում, անցած տարիները բավական եղան, որ ինտեգրվեն: Ես ուզում եմ մաղթել աշխարհին խաղաղություն, սեր, ջերմություն: Ուզում եմ, որ 2018-ին մեր ժողովուրդն առավել համախմբվի, կազմակերպվի ու նոր տարին դառնա դեպի Հայրենիք վերադարձի տարի: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հպարտ հայ մեծանան, պահպանեն մեր լեզուն ու ազգային ավանդույթները», – հավելեց նախարարը:
Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ երեխաներըը երգեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին: