Մեկ տարվա ապրած կյանքի ամփոփում
Մոտենում ենք տարվա ավարտին: Հետևաբար մի պահ կանգ առնենք, սթափ նայենք իրականությանը և որոշենք մեր անելիքը: Երբ ժամանակը իր լրումին է մոտենում, անպայման գալիս է հաշվետվության պահը: Այդպես է լինում մեր կյանքի բոլոր փուլերում` դպրոց, բուհ, աշխատանք, ընտանիք, հայրենիք, եկեղեցի: Գնահատականի հարցում լինենք անաչառ, զղջալու հարցում լինենք անկեղծ, սխալները շտկելու հարցում լինենք պատրաստակամ և ուրախ:
Այս շաբաթվա բոլոր օրերը հաշվետու օրեր են, ուստի մենք սկսենք այսօրվանից: Տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը պայմանավորված է մեր անձերի ինքնաքննության և շիտակ գնահատականի իրողությամբ: Տարվա ավարտը ենթադրում է նաև մեկ տարվա ապրած կյանքի ամփոփում, ձեռքբերումների և թերացումների արձանագրում, գոհանալ Աստծուն ստացածի և չստացածի համար, ներում հայցել Աստծուց մեղքերի համար, օրհնություն և ողորմություն խնդրել գալիք տարին պատվով թևակոխելու համար:
Նոր Տարին դիմավորենք նոր սրտով, թող հին մարդը մեզ հետ չգա դիմավորելու Սուրբ Ծնունդը, որովհետև Մանուկ Հիսուս ծնվում է մաքուր սրտերում: Մենք ամեն օր նախապատրաստվենք այս օրերին մտքով, սրտով, հոգով լինել Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ, որովհետև Նա այս օրերին ուրախության տագնապի մեջ է իր Փրկիչ Որդու ծնունդով:
Չմոռանանք, որ Աստվածամայրը իր սրտում ուներ ամեն գաղտնիք իր Որդու հետագա կյանքի մասին: Ուրեմն մենք ևս ապրենք այդ ուրախությունը, տագնապը, բերկրանքը` մեր սիրելի և հավերժական բարեխոս`Մարիամ Աստվածածնի հետ, մինչև նրա Որդու Սուրբ Ծնունդը: Թող մնայուն ներկայություն և նախապատիվ տեղ ունենա Աստվածամայրը մեր մեջ:
Մենք էլ մեր սրտում պահենք Աստծու մնայուն պարգևները, ինչպես Աստվածածինը պահեց իր սրտում և մնաց Տիրոջ աղախինը: Մի խոսքով մենք էլ արթուն լինենք հովիվների պես, որ մեր սրտում էլ ծնվի Մանուկ Հիսուս: Սա է մեր գլխավոր նախապատրաստությունը տարվա ավարտի և գալիք տարվան դիմավորելու: Մնացած նյութական նախապատրաստությունները երկրորդական են, միտքը զբաղեցնող են, անօգուտ են, մեր հոգու փրկության համար չեն: Մանուկ Հիսուս ծնվում է մեր Փրկության համար: Սկսենք այսօր. Տիրոջ օրհնությունը և օգնությունը մեզ հետ ունենանք այս օրերին:
Ծովիկ Դավթյան