24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, որովհետև Աստված ձեր հետ է, միայնակ չեք, երբեք չեք լինելու

Եսայի 9, 2-3.6-7

Ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, տեսավ մեծ լույս. ձեր համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, լույս պիտի ծագի։ Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս, որովհետև վերացավ այն մեծ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ […] Քանի որ մեր համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջություն։ Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագավորությունը, իրավունքով ու արդարությամբ պիտի զորացնի այն այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությամբ պիտի կատարվի դա։

Տիտոս 2, 11-14

Քանի որ Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, որ իր անձը տվեց մեր համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։

Ղուկաս 2, 1-14

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի՝ յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր և հղի էր։ Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար։ Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեր համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է։ Եվ սա՛ ձեր համար նշան կլինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ»։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 Բեթղեհեմում մի երգեցիկ ամպ պարուրում է հովիվներին. «Խաղաղությո՜ւն երկրի վրա, մարդկանց, որոնց Աստված սիրում է»։Մի մաղթանք է դա, որ հասնում է մինչև մեզ և որը մենք նույնպես կամենում ենք ստանալ։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ դեռ վախենում եք Աստծուց և Նրանից սարսափում եք, կարծես անգութ դատավոր լինի։ Նա, մինչդեռ, գալիս է որպես մանուկ։ Մանուկը չի դատում և չի դատապարտում. մանուկը չի կարող վախեցնել, կռթնում է սիրո վրա, ապրում է, որովհետև սիրված է. դու կարող ես մերժել Նրան, բայց Նա քեզ չի մերժի երբեք։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ լքել եք Աստծուն և ասում եք, թե կորցրել եք Նրա հանդեպ հավատքը։ Նույնիսկ եթե դու կորցնում ես Նրան, Նա՝ Աստված, քեզ չի կորցնում։ Նա՝ Աստված, չի կորցրել քո հանդեպ ունեցած վստահությունը, Իր հույսը չի սպառվել։ Սրա համար է, որ ծնվում է իբրև մարդ, որովհետև հավատք ու վստահություն ունի յուրաքանչյուր մարդու նկատմամբ և մեր՝ միաժամանակ սրբերիս ու մեղավորներիս ողջ պատմության նկատմամբ։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ բոլոր նրանց, որ ապրում են անկանոն իրավիճակներում, վերջացած կամ բզկտված սերերից վերքեր ստանալուց հետո։ Դուք նման եք Բեթղեհեմի հովիվներին. հասարակության լուսանցքներում նկատված, կանոններից դուրս, անմաքուր, քանի որ ուտում էին առանց ձեռքերը լվանալու, որովհետև գրեթե երբեք չէին գնում ժողովարան, միշտ զբաղված էին իրենց հոտերով։

Եվ սակայն, հենց դուք եք առաջինները, որ ստանում եք հրեշտակների բարի լուրը, քանի որ Աստծո առաջ ավելի արժեքավոր է մարդը, քան թե օրենքը. արժեքավոր են մարդու մարմինն ու սիրտը, ո՛չ թե դերը կամ կանոնները, ո՛չ թե կրոնական պիտակները։ Մարդն ուշադիր է արտաքին երևույթներին, մինչ Աստված հայում է սրտին. հայում է փոքրերին, Իր աղախնու խոնարհությանը, հովիվներին գիշերվա սրտում։

Սուրբ Ծննդյան հզոր ուժն է, որ հեռացնում է ուշադրությունը մեծից, ուսյալից, նշանավորից, և այն կենտրոնացնում է նրա վրա, ով հեռու է լուսարձակներից, ով փոքր է, մի մանկան վրա, նրա վրա, ով ուրիշ ոչ մի տիտղոս չունի, քան մարդ լինելը։
Եվ սա բավական է։ Բավական է մարդ լինել։ Ուրիշ ոչինչ հարկավոր չէ այն օրից, երբ Աստված Իր փառքը մի մանկան մեջ դրեց։ Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ պարզապես մարդկային եք։

Եվ ապա, Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ այստեղ եք, հարուստ՝ նվերներով, թերևս աղքատ՝ ճշմարտությամբ ու սիրով։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ մեզ, որ հարուստ ենք հոգու խռովքներով, և աղքատ՝ մտամփոփմամբ ու լռությամբ։ Այս մանուկը սովորեցնում է մեզ, որ այնքա՜ն սակավաթիվ են բաները, որ իրոք կարևոր են։ Այնքա՜ն սակավաթիվ են։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ զգում եք ձեզ ուժասպառ և հոգնած կյանքի մութ կողմերից, անընդունակ՝ ըմբռնելու այդքա՜ն ջանք ու քրտինքի, այդքա՜ն տառապանքի իմաստը։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ ձեզ, որ շատ եք տառապել։ Այս մանուկը կարող է ձեզ մի քիչ լույս տալ, որովհետև գալիս է որպես ճշմարիտ լույսը, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու։ Յուրաքանչյո՛ւր մարդու։ Եվ ոչ ոք կորած չէ, ոչ ոք դուրս չի գտնվում այս լույսի ճառագայթների հասանելիության սահմաններից։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ նաև ձեզ, որ կորցրել եք ապրելու համը, որովհետև այլևս ոչինչ չի գոհացնում ձեզ, և ո՛չ իսկ բարեկեցությունը կամ հասարակական բարձր վարկն ու հեղինակությունը։ Այս մանուկը կարող է վերադարձնել ձեզ կյանքի համը, Նա բերում է այն, ինչ պակասում է ձեզ. գեղեցկությունը, ձեզ սիրված զգալու և սիրել կարողանալու համը։

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, որովհետև Աստված ձեր հետ է, միայնակ չեք, երբեք չեք լինելու։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ